‘
Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կորցրել է հետաքրքրությունը Երևանի «Նաիրիտ» գործարանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 4–ին ձեռնարկության աշխատողների հանդիպման ժամանակ, ովքեր հավաքվել էին կառավարության շենքի առջև` պահանջելու մարել իրենց աշխատավարձերի գծով պարտքը:
Զախարյանի խոսքով, ռուսական ընկերությունը հայկական ձեռնարկության վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել: «Ռոսնեֆտը» խոստացել էր մինչև օգոստոսի վերջը ներկայացնել իր առաջարկությունները, սակայն դա չի արել: Բայց մենք հույսներս չպետք է կապենք միայն ռուսական ընկերության հետ», — նշել է Զախարյանը, հավելելով, թե կառավարությունն առաջարկություններ է մշակում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, որոնք կհրապարակվեն մինչև սեպտեմբերի կեսը: Զախաչրյանը նաև հայտարարել է, թե առաջիկայում ձեռնարկության աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձի պարտքը կվճարվի: Ընդհանուր առմամբ, կուտակվել է 18 ամսվա աշխատավարձի պարտք:
Կառավարության շենքի առջև հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատողներ: Զախարյանի ելույթն ուղեկցվում էր նրանց սուլոցներով և կառավարության դիրքորոշման նկատմամբ բողոքի ու դժգոհության արտահայտություններով:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Տայր Ռուսիա» և «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել՝ բութադիեն-ստիրոլային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ:
«Նաիրիտ» գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի հիմնական միջոցները գրավադրվել էին «Մեժգոսբանկի» վարկի դիմաց և վերջինի չմարման արդյունքում դարձել են բանկի սեփականություն: 70 մլն դոլարի վարկը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով` մինչև 2011 թվականի դեկտեմբերի վերջը: Գործարանի ընթացիկ պարտքն այժմ գերազանցում է 130 մլն դոլարը:
‘