‘
Կառավարությունը այսօրվա նիստում որոշել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով Սյունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Օտարվող սեփականության փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:
Նախատեսվում է նաեւ իրականացնել Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը նշված տարածքների նկատմամբ կրկին ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները, և կիրականացվի հետագա իրացումը:
Գործադիրը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա Զվարթնոց Ա և Բ բազմաբնակարան շենքերի բնակիչների ներկայիս և հատկացվող բնակարանների ցանկը և պայմանները:
‘