‘«Կիլիկա» գարեջուր արտադրողին հարկայինը տուգանել է 1.5 մլն դոլարով’

1516

«Երևանի գարեջուր» ՓԲԸ գործարանը, որն արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը, հարկային մարմինների կողմից տուգանվել է 653.6 մլն դրամով (1.5 մլն դոլար): Այս մասին է նշվում ֆինանսների նախարարության զեկույցում:

Զեկույցում նշվում է, թե իբր սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել է բյուջեի հանդեպ 731 մլն դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկնում է «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին:

ԱրմԻնֆո գործակալության թղթակցին չի հաջողվել պարզաբանումներ և մեկնաբանություններ ստանալ ձեռնարկությունից: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ եթե խոսքը Սերժ Սարգսյանի կողմից վերահսկվող եւ իրեն սուպերնախարար հռչակած Գագիկ Խաչատրյանի ենթակայության տակ գտնվող կառույցի աշխատանքներին է վերաբերվում, եւ հատկապես դրա կողմից նշանակված տուգանքներին, ապա արդեն իսկ ակնհայտ է, որ ինչ-որ բան այստեղ այն չէ:

Ինչեւէ, նշենք, որ այդ ձեռնարկությունում առաջին անգամ չեն անցկացվում հարկային ստուգումներ, և, որոշ տվյալներով, դրանցից մեկի ընթացքում, անցյալ տարի, անգամ կանգնեցվել էր արտադրությունը: Նշենք, որ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն 2013-2014 թվականների ծրագրում է արտահանման ծավալներն ավելացնել 2 անգամ, 2012-ի 2.2 մլն դոլարի համեմատ: Ընկերության զուտ շահույթը 2011-ին կազմել է մոտ 5 մլն դրամ, 2010-ին` 375 մլն դրամ, 2009-ին` մոտ 98 մլն դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 355,244 մլն.դրամ: Ընկերության սեփականատերերն են Աշոտ Բաղդասարյանը և Հակոբ Հակոբյանը: Ընկերությունը 2012-2013 թվականների աուդիտորական հաշվետվությունը չի հրապարակել:

 

Նախորդ հոդվածը‘Արաբական երկրներն աջակցում են ԱՄՆ-ին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն’