‘
Թուրքիային, որ հավակնում է դառնալ Եվրամիության անդամ, ԵՄ իշխանությունները զգուշացրել են, որ կիրակի օրը ԶԼՄ-ների դեմ ձեռնարկված ռեյդերը հակասում են եվրոպական արժեքներին:
ԵՄ արտաքին գործերի գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության ընդլայնման հանձնակատար Յոհանես Հանը հայտարարություն են հրապարակել, որում ասվում է, որ լրատվամիջոցներում անցկացված խուզարկություններն ու ձերբակալությունները անհամատեղելի են զանգվածային լրատվամիջոցների ազատության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է թերթերի և հեռուստատեսությունների 23 աշխատակիցների, որոնք սերտ կապ են պահպանում ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի հետ: Ձերբակալվածներին անօրինական կազմակերպություն ստեղծելու և երկրում իշխանությունը զավթելու փորձի մեղադրանք է ներկայացվել:
Գյուլենը, որ հասարակական «Հիզմեթ» շարժման հիմնադիրն ու հոգևոր առաջնորդն է, համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդը, և Էրդողանը մի քանի օր առաջ ակտիվ գրոհ է սկսել Գյուլենի կողմնակիցների դեմ:
Ձերբակալվածների թվում կան լրագրողներ, պրոդյուսերներ, սցենարիստներ և նույնիսկ Թուրքիայի արևելքում ոստիկանական բաժանմունքի մի ղեկավար: Փոխանցում է BBC
‘