‘Կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները, բայց գազը արդեն մեկ շաբաթ է վաճառվում է անհիմն թանկ գնով’

1266

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համշխարհային բանկի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք տնտեսավարողների հետ: ՀՀ կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ միջազգային գործընկերները լիովին աջակցում են ֆինանսական շուկայի կայունացման կառավարության և Կենտրոնական բանկի քայլերին:

«Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր նկատվում է շուկայի կայունություն, որը, ես վստահ եմ, շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք շաքարավազի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ բարձրացումներով, փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով:

Առաջարկում եմ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մանրամասն ուսումնասիրել շուկան և ամենօրյա կտրվածքով դրանց արդյունքները ներկայացնել ինձ», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հ. Աբրահամյանը և ընդգծել, որ կառավարությունը չի հանդուժելու անհիմն թանկացումները:

iLur.am-ի կողմից

Նշենք, որ անհիմն թանկացման դասական օրինակ է գազալցակայաններում գազի գինը, որը 180-190 դրամի փոխարեն արդեն մեկ շաբաթ է վաճառվում է 220-230 դրամով: Երեկ մամուլն արդեն ապացուցել էր, որ այդ թանկացումներն ամբողջովին անհիմն են: Գազի թանկացման պատճառով արդեն երկրորդ օրն է բնականոն ռեժիմով չի աշխատում Երևանի քաղաքային տրանսպորտը: Վարորդները պահանջում են կառավարությունից միջոցներ ձեռնարկել: Եթե իշխանությունները իրոք չեն հանդուրժելու անհիմն թանկացումները, ապա գազի թանկացման կանխումը պետք է լինի առաջին գործը, նամանավանդ, որ գազալցակայանների բիզնեսը Հայաստանում վերահսկվում է մի քանի հոգու կողմից: Բայց, մի տեսակ, անհավատալի է թվում, որ գազի գնի անհիմն թանկացումը կառավարությունը կկանխի:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և Կուբան հայտարարել են իրենց հարաբերություններում նոր էջ բացելու մասին’