‘Հովիկ Աբրահամյանը անգամ կառավարության բուֆետի բլինչիկի գինը չի կարողացել զսպել. «Հրապարակ»’

1530

«Հրապարակը» անդրադառնում է Հովիկ Աբրահամյանի երեկվա այցին մի քանի սուպերմարկետներ` նշելով, որ «Հովիկ Աբրահամյանը, փոխանակ ստեղծված իրավիճակը կարգավորելու, սեփական վարկանիշի բարձրացմանն ուղղված շոուներ է բեմադրում»։ Թերթը նաև գրում է.

«Դոլարի փոխարժեքի սրընթաց աճով պայմանավորված խուճապը նախօրեին գագաթնակետին էր հասել: Սուպերմարկետներում հերթեր էին գոյացել, սովի հեռանկարից քաղաքացիներն ագահաբար դատարկում էին խանութները, քանի դեռ կրկնակի թանկացած ալյուրի ու շաքարավազի գինը չէր բազմապատկվել: Այս խայտառակության մասին անընդհատ գրվում էր, բայց վարչապետն ու իր կառավարությունը, բացի քաղաքացիների ականջներից «լապշա կախելուց», այլ բան չէին անում: Ահա երեկ, կառավարության նիստից հետո, Հովիկ Արգամիչը որոշեց անձամբ գործի անցնել՝ շրջեց խանութներով, ու դա շրջադարձային եղավ ՀՀ քաղաքացիների կյանքում: Խանութներում գները փոխվեցին, գազի գինն էլ իջավ, ու վերադարձանք «հին ու բարի օրերին»:

Վարչապետի այցի ամենազավեշտալի հատվածը «ՍԱՍ» սուպերմարկետն էր, որտեղ գները շեշտակի բարձր են սովորական խանութների համեմատ: Թե վարչապետը սուպերմարկետների գնաճից ինչ եզրահանգման եկավ, թողնենք իր PR-շչիկների վերլուծությանը, ովքեր կարող էին վարչապետին պարզապես ուղեկցել կառավարության բուֆետ, որտեղ, ինչպես ամենուր, արձանագրվել էր գնաճ: Օրինակ, կառավարության բուֆետում վաճառվող բլինչիկը թանկացել էր մոտ 20 տոկոսով: Մյուս սննդատեսակներն էլ էին թանկացել, բայց սպասարկող աշխատակցուհին խուսափեց տվյալներ տրամադրել՝ ասելով, որ իրենք գներով չեն զբաղվում: Հովիկ Աբրահամյանը, փոխանակ ստեղծված իրավիճակը կարգավորելու, սեփական վարկանիշի բարձրացմանն ուղղված շոուներ է բեմադրում»: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կկարողանա զբաղվել իր բուն գործառույթով. Նա հարսանիքի է հրավիրված. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. ««Բորուսիայի» երկրպագուները պարզապես ֆանտաստիկ են, անկրկնելի»’