‘
Ոստիկանությունն արգելում է մի քանի տասնյակ քաղաքացիների՝ մոմեր վառել Ազատության հրապարակում, ի հիշատակ այսօր հիվանդանոցում վախճանված գյումրեցի Սերյոժա Ավետիսյանի:
Հիշեցնենք, որ ըստ ԱՆ հաղորդագրության, հունվարի 12-ի սպանդից փրկված Ավետիսյանների ընտանիքի միակ անդամը չնայած բժիշկների գործադրած ջանքերի, երեկոյան մահացել է:
iLur.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ ոստիկանները թույլ չեն տալիս մոմեր վառել՝ վկայակոչելով Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածը՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը:
Մինչդեռ օրեր շարունակ նույն առիթով մոմավառությանը ներկա գտնվող տասնյակ ոստիկանները որեւէ կերպ չեն խոչընդոտել: Ներկա քաղաքացիներն այսօր որոշել են մոմերը վառել հրապարակի հակառակ անկյունում՝ նստարանների մոտ ինչից հետո, ոստիկանները, նրանցից մեկի խոսքով, «բարի կամք դրսեւորելով», թույլատրել են մոմերը վառել աստիճանների մոտ:
‘