‘«Արմավիայի» խոսնակը տեղյակ չէ Բաղդասարովի հայտարարություններից’

956

«Արմավիա» ավիաընկերության տնօրեն Միխայիլ Բաղդասարովը RBK Daily-ի հետ զրույցում հայտարարել էր, որ վաճառքի է հանել «Արմավիա ավիաընկերությունը», գործարարը նախատեսում է գործարքն ավարտել 2-3 շաբաթվա ընթացքում, նրա խոսքով՝ կան հավանական երկու գնորդներ Արևելքից և Իտալիայից:

iLur.am-ի հետ զրույցում «Արմավիա» ավիաընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան բացարձակապես տեղյակ չէր Բաղդասարովի հայտարարությունից: Նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե որոնք են այն երկու ավիաընկերությունները, որոնք դիմել են «Արմավիան» գնելու համար՝ դա պատճառաբանելով կոմերցիոն գաղտնիք լինելու հանգամանքով:

Նանա Ավետիսովան վրդովվեց, երբ iLur.am-ի թղթակիցը հարցրեց, թե արդյոք ավիաընկերությունը մարե՞լ է «Զվարթնոց» օդանավակայանի և «Զվարթնոց » ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲ ընկերության պարտքերը՝ խորհուրդ տալով դիմել պարտատերերին՝ «Իրենց հարցրեք, իրենք էին բողոքել», որից հետո անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ազգային ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին, իսկ 2005 թվականին բաժնետոմսերի ամբողջական փաթեթն անցել է «MIKA Limited» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին:

Ավիաընկերությունում  խնդիրներ են ծագել անցած տարի, երբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրեց  ազգային ավիափոխադրողի թռիչքների սպասարկումը:

Միայն այս տարի աշնանը «Զվարթնոց» օդանավակայանը երեք անգամ դադարեցրել է չվերթների սպասարկումը, իսկ պարտքերի պատճառով ավիաօդերևութաբանական կենտրոնը հրաժարվել է «Արմավիային» ծառայություններ մատուցել:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վթարի է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչի հերթական, բայց «Չելսի»-ի համար լեգենդար զոհը’