‘Հայրը խոստովանել է, որ կացնով սպանել է որդուն. Ոստիկանություն’

1451

Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում` հունվարի 27-ին Արտաշիսյան փողոցի 39 շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով:

Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը` 1940 թ. ծնված Կարապետ Ոսկանյանը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել:

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է:

Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել և հանձնվել է նախաքննական մարմնին:

Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի, դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննության շրջանակներում պարզվել է առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը. նախնական քննության տվյալներով` հունվարի 25-ին կենցաղային հարցերի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ Գ.Ոսկանյանին գլխի շրջանում կացնով մի քանի հարված է հասցրել նրա հայրը (ծնված 1940թ.): Վերջինս հունվարի 27-ին ձերբակալվել է` սպանության կասկածանքով, և տվել խոստովանական ցուցմունք:

Նախորդ հոդվածը‘«Չիկագոյում» հերքում են Մովսիսյանի տրանսֆերը գնելու մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայում» կարծում են` ՖԻՖԱ-ի հետաքննությունը պատահականություն չէր’