‘
Իրաքում տեսանելի ապագայում հնարավոր է սկսվի խոշոր ցամաքային հակաահաբեկչական գործողություն: Այդ մասին հորդանանյան Petra գործակալությանը տրված հարցազրույցում հաղորդել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի միջազգայի կոալիցիայի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, պահեստի գեներալ Ջոն Ալենը:
«Մոտակա շաբաթները, երբ իրաքյան անվտանգության ուժերը պետությունում վերահսկողությունը վերականգնելու նպատակով կսկսեն ցամաքային գործողությունը, կոալիցիան նրանց կապահովի հզոր կրակային աջակցություն»,- ասել է նա: Ալենի խոսքով՝ հիմնական խնդիրը պետք է լուծեն հենց իրաքցիները, իսկ օգնություն կցուցաբերեն երկրում արդեն գործող «բազմաթիվ խորհրդատուների խմբերը»:.
Անդրադառնալով խորհրդատուների ազգային պատկանելիությանը՝ նա նշեց ամերիկացիներին, դանիացիներին, ավստրալացիներին, նոր զելանդացիներին, իսպանացիներին, պորտուգալացիներին, գերմանացիներին, իտալացիներին, ֆրանսիացիներին, հոլլանդացիներին եւ բելգիացիներին:
«Մենք ստեղծել ենք Իրաքում 4 ճամբար, որտեղ կոալիցիայի եւ դաշնակից-պետությունների ներկայացուցիչները պատրաստում են իրաքյան ուժերը, որոնք նախահարձակ պետք է լինեն»,- շարունակել է Ալենը՝ հավելելով, որ խոսքը, ընդհանուր առմամբ, 4 բրիգադի մասին է:
Նրա տվյալներով, իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ «Իսլամական պետության» կազմում կռվում են Իրաքի տապալված նախագահ Սադամ Հուսեյնի կողմնակիցները՝ «լայն ռազմական հնարավորություններով»:
Սիրիայի իրավիճակի մասին խոսելով, որտեղ նույնպես գործում են «Իսլամական պետության» ուժերը, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ միջազգային կոալիցիան չի գտնում փոխըմբռնում այդ երկրի իշխանությունների հետ:
«Մենք գործընկերներ ունենք Իրաքում բոլոր մակարդակների վրա, բայց Սիրիայում այդպիսի գործընկերներ չկան»,- ասել է նա,- «Հետեւաբար աշխատանքը, որ պետք է կատարի միջազգային կոալիցիան Սիրիայում, ավելի երկար կտեւի»:
‘