‘Կախվածություն Մեսսիի՞ց, թե՞ նրա գոլերից’

1134

Քննարկումներն այն մասին, որ Բարսան կախվածություն ունի Մեսսիից, շարունակվում են դեռևս Ֆրանկ Ռայկարդի գլխավորած թիմի ժամանակներից, երբ նրանում առկա էին Դեկուի, Ռոնալդինյոյի և Էտո’օյի կարգի ֆուտբոլիստներ: Եթե ավելի ստույգ լինենք՝ 2007-ին «Կամպ Նոու»-ում տեղի ունեցած «սուպերկլասիկո»-ից հետո, երբ 20 տարեկան Լեոն դարձավ «հեթ տրիկ»-ի հեղինակ` վերջին գնդակը խփելով հանդիպման ավելացրած րոպեներին:

Ռայկարդի Բարսայից հետո խաղալով Գվարդիոլայի գլխավորությամբ՝ արգենտինացին բազմաթիվ խաղային առումներով կատարելագործվեց և Պեպի մոտ 3 տարի անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, իսկ այս տարի կարող է ստանալ նաև իր 4-րդ «Ոսկե գնդակը», որով կարող է սահմանել բացարձակ ռեկորդ:

Մեսսիից կախվածությունը, որի մասին այդքան խոսում են, նորմալ երևույթ է, և ավելի անբնական կլիներ, եթե որևէ թիմ կախվածություն չունենար այնպիսի մեկից, որին շատերն արդեն իսկ համարում են բոլոր ժամանկների լավագույն ֆուտբոլիստ: Այլ հարց է, թե որքանով է կախված Բարսան Լեոյի խփած գնդակներից, որոնք անբնական կերպով աճում են վերջին խաղաշրջաններում` 47, 53, 73…

Մեսսիի գոլահար դառնալու ճանապարհին արժե կարճ վերհիշել առջևում Լեոյի խաղընկերներին, որոնց ունեցած խնդիրները մեծապես նպաստեցին, որպեսզի Մեսսին աջ եզրից տեղափոխվի դեպի կենտրոն:  

Գվարդիոլայի «9» համարները

Հետևելով Պեպի գլխավորած թիմին՝ պարզ երևում էր, թե ինչպես է Գվարդիոլան փորձում զսպել թիմում առկա անհատականությունների կարողությունները՝ ընդհանուր «տիկի տակա»-ի գաղափարը ամրապնդելու համար:

Առաջին մրցաշրջանում Պեպի մոտ Մեսսին դեռ գործում էր աջ եզրում, քանի որ կենտրոնում կար Սամուել Էտո’օն, ով փայլուն կերպով էր կատարում իր աշխատանքը: Մրցաշրջանի ավարտից հետո Պեպը հրաժարվեց կամերունցուց և նրա փոխարեն թիմ բերեց ավելի մեծ անհատականության` Զլատան Իբրահիմովիչին: 2009 — 2010 մրցաշրջանի միջնամասում շվեդի խաղն սկսեց չստացվել, և Պեպը Մեսսիին վերջնականապես տեղափոխեց կենտրոն՝ օգտագործելով նրան որպես «կեղծ 9»: Այդ ժամանակվանից ի վեր էլ աճեցին Մեսսիի գոլային ցուցանիշները, բայց փոխարենը թիմից հեռացան Զլատանն ու Անրին՝ իրենց տեղը զիջելով ավելի թիմային խաղացողներ Պեդրոյին և Վիլյային:

Տիտոյի Մեսսին

Ավարտված մրցաշրջանում Լեոն գերազանցեց մեկ մրցաշրջանում Գերդ Մյուլլերի խփած 67 գնդակը՝ գրանցելով իր հաշվին 73 գնդակ: Նոր սկսած մրցաշրջանում Բարսայի խաղացողներն ամեն կերպ փորձում են նպաստել իրենց խաղընկերոջը՝ գերազանցելու գերմանացու կողմից գրանցված ևս մեկ ռեկորդ` մեկ տարվա ընթացքում՝ 85 գոլ: Այժմ փորձենք, Բարսայի վերջին խաղերը վերհիշելով, անդրադառնալ, թե որքանով են Տիտոյի սաները նպաստում Լեոյի գոլերի քանակի ավելացմանը, և որքանով են նրանք սևեռված Լեոյի ցուցանիշները բարձրացնելու վրա:

«Կամպ Նոու»-ում կայացած վերջին «Սարագոսա»-ի դեմ խաղում Մեսսիի խաղընկերները` Վիլյան և Պեդրոն, ընդհանրապես դարպասին հարված չկատարեցին: Ինքը Լեոն դարձավ 2 գոլի հեղինակ և 1 գոլ էլ ստեղծեց Ալեքս Սոնգի համար: Հաջորդ՝ «Սպարտակ»-ի դեմ խաղում ևս Մեսսին գոլ ստեղծեց Ալվեշի համար, և 2 անգամ էլ ինքը գրավեց մրցակցի դարպասը: Այդ խաղում հատկանշական էր Պեդրոյի «սուզվելը» տուգանայինում՝ փոխանակ այն բանի, որ կարող էր շրջանցել, և ինքը գոլի հեղինակ դառնալ: 11 մետրանոցը ևս մեկ գոլ կարող էր բերել արգենտինացուն:

Եթե անդրադառնանք Մեսսիի առջևում այլ խաղընկերների, ապա կարող ենք տեսնել, որ Ալեքսիսն այս մրցաշրջանում շատ ամաչկոտ է հարվածելիս, իսկ Վիլյան և Տելյոն այն ֆուտբոլիսներն են, ում հետ Լեոն հասցրել է բախվել՝ ժամանակին իրեն փոխանցում չկատարելու պատճառով: Թե՛ Վիլյան թե՛ Տելյոն այն խաղացողներն են, ում մասին կարելի է ասել, որ «գոլ» ունեն, բայց խաղընկերների սևեռվածությունը Մեսսիի ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, խանգարում է, որպեսզի նրանք ավելի արդյունավետ դառնան: Բացի այդ՝ Պեդրոն, Սեսկը և, օրինակ` նաև Վիլյան, «Սելտիկ»-ի դեմ խաղում չեն օգտագործում բազմաթիվ գոլային պահեր, ինչն ավելի է համոզում գնդակը փոխանցել Մեսսիին:

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա ցուցանիշներն իրոք տպավորիչ են. «Լևանտե»-ի դեմ խաղից հետո այն դարձավ 26, մրցաշրջանում անցկացրած 20 խաղում: Բայց զուտ խաղամակարդակի առումով Մեսսին դեռ հեռու է անցած խաղաշրջանից: Լեոն շատ ավելի հաճախ է «դուրս մնում» խաղից, ավելի հաճախ է սխալվում գնդակը փոխանցելիս, խաղում գնդակը կորցնելով միջինը 10 անգամ՝ նաև ավելի քիչ է փորձում սրել խաղը: Փոխարենը ազգային հավաքականի կազմում լիովին այլ պատկեր է, որտեղ ամեն ինչ անում է հենց նա և իր հետևից է տանում ամբողջ թիմը:

Պարզ է, որ Մյուլլերի ռեկորդը շուտով կգերազանցվի, և խաղացողներն այդքան սևեռված չեն լինի Մեսսիի գոլ խփելու վրա: Բայց Տիտոն տոներից հետո խնդիր ունի վերադարձնել գոլ խփողների հավատն իրենց նկատմամբ, քանի որ  նրանք կարող են պարզապես «մոռանալ», թե ինչպես են դա անում: 

 

Դավիթ Քիրամիջյան

Նախորդ հոդվածը‘Վենգերին նոր խաղացողների համար 40 միլիոն ֆունտ կհատկացվի’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնի ոստիկանապետին ազատել են Սերժ Սարգսյանի նկարների պատճառո՞վ’