‘
Ռուսաստանի Դաշնության դատախազությունը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիմումին՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության գործով վարույթը Հայաստանին հանձնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
Ընդ որում, ՌԴ դատախազության պատասխանում երեւում է, որ Կոստանյանի դիմումն ուղարկվել է փետրվարի 3-ին, մինչդեռ պատասխանը թվագրված է փետրվարի 20-ով:
«ՌԴ Գլխավոր դատախազությունում կազմակերպված է ՀՀ Գլխավոր դատախազության 03.02.2015-ի դիմումը՝ ՌԴ քաղաքացի Վ. Պ. Պերմյակովի մեղադրանքով գործը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: ՌԴ դատախազության կողմից դիմումի քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ՝ մոտակա ժամանակներս», — ասվում է ՌԴ դատախազության պատասխանում:
Հայաստանի դատախազությունը հրապարակել է պատասխանի լուսապատճենը: Ինչ վերաբերում է սեփական դիմումի լուսապատճենը հանրությանը ներկայացնելու հարցին, ապա Դատախազությունից նշում են, որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, «ուստի գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել», — ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
‘