‘
Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագիրը, որը ժողովրդին ավելի հայտնի է «Հայլուր» անունով, վերջին շրջանում փորձում է ներկայանալ նոր դիմագծով: Իբր թե վերջերս անունը փոխելով` «Հայլուրը» փոխել է նաեւ իրադարձությունների լուսաբանման որակն ու սկզբունքները: Այդ մասին անցած շաբաթ տեղի ունեցած քառօրյայի ժամանակ իշխանական գործիչները առիթ ունեցան խոսելու նաեւ Ազգային Ժողովում՝ ՀՌԱՀ 2013-ի գործունեության հաշվետվության ժամանակ:
Մեկը մյուսի հետեւից նրանք գովերգում էին ոլորտում «դրական տեղաշարժերը», «բազմակարծության ապահովումը» եւ այլն: Իր հերթին, ՀՌԱՀ նախագահ, հիմնական զեկուցող Գագիկ Բունիաթյանը, պատասխանելով Հանրայինի եթերում ընդդիմադիր քաղաքական գործիչներին եթեր չտրամադրելու եւ ընդհանրապես, ընդդիմադիր դաշտի գործունեությունը գրեթե չլուսաբանելու մասին ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանի եւ Լեւոն Զուրաբյանի հարցերին` հավաստիացնում էր, թե «որեւէ խնդիր չկա»: Բունիաթյանը նույնիսկ խոստացավ ապահովել մարտի 1-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքի իրազեկումը Հանրայինի եթերով:
Սակայն նույն օրը երեկոյան «խնդրո առարկա» Հանրային հեռուստատեսությունը լավագույնս ցույց տվեց, թե ինչ արժեն բազմակարծության ու բազմակողմանի լուսաբանման մասին իշխանական պատգամավորների պնդումները:
ԱԺ նիստի մասին պատմող ընդարձակ ռեպորտաժում նախ հնչեց Էդուարդ Շարմազանովի առույգ ելույթը, որտեղ ՀՀԿ խոսնակը հեռուստադիտողներին է ներկայացնում «առողջ, բարոյական քրիստոնեական արժեքներ դավանող» սերունդ դաստիարակելու դեղատոմսը՝ ավելի շատ ճանաչողական հաղորդումներ եւ ամուր կապ եկեղեցու հետ: Ռեպորտաժում հնչում է նաեւ Շարմազանովի դրվատական գնահատականը՝ Հանրայինի եւ «որոշ մասնավոր հեռուստաալիքների» տրամադրած բազմակողմանի լրատվության մասին:
Այնուհետեւ, որպես եթերում առկա բազմակարծության «երկաթե ապացույց»՝ բերվում է Հանրայինի լրատվական հաղորդումների նախկին տնօրեն, ներկայումս ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքը:
«Չկա որեւէ քաղաքական գործիչ, կամ տեսակետ, որը մեր եթերում չի հնչում», — ասում է Ֆարմանյանը:
Օրվա լրահոսին այլընտրանքային աղբյուրներից հետեւած հեռուստադիտողը սպասում է, որ ռեպորտաժի հեղինակը կներկայացնի նաեւ ընդդիմության տեսակետը: Բայց «բազմակարծ» Հանրայինի հինգ րոպեանոց ռեպորտաժում այդպես էլ տեղ չի ճարվում Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի կամ այլ ընդդիմադիր պատգամավորների ելույթներից գոնե փոքր հատվածների համար:
Փոխարենը՝ ընդդիմադիր պատգամավորների մասին խոսելիս կադրի մեջ հայտնվում են Հեղինե Բիշարյանն ու ՕԵԿ խմբակցությունը, այնուհետեւ՝ մեջբերվում է նույն խմբակցությունից Հովհաննես Մարգարյանի խոսքը` «նամուսով հեռուստատեսություն» ստեղծելու անհրաժեշտության մասին:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ռեպորտաժի ավարտին թռուցիկ կերպով լրագրողը ներկայացնում է Արամ Մանուկյանի դրական գնահատականը «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագծին: Բնականաբար, ոչ մի խոսք այդ փոփոխություններին նախորդած հանրային դժգոհությունների ու այն մասին, որ դրանք կատարվել են ընդդիմության ճնշման ներքո: Հեռուստադիտողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը «բարի կամք» դրսեւորելով, «հենց այնպես» լավություն է արել քաղաքացիներին ու փոփոխություններ է մտցրել օրենքի մեջ:
Հ. Գ. Արամ Մանուկյանը մարտի 1-ի հանրահավաքից առաջ գրավոր կերպով դիմել էր Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանին՝ հանրահավաքի իրազեկումն ու դրա լուսաբանումն ապահովելու խնդրանքով: Իրազեկեցին, բա չէ:
Հակոբ Կարապետյան
‘