‘Մուրադ Գրիգորյան. Արման Սահակյանը խախտումներ է թույլ տալիս’

878

Մեր անխտիր բոլոր հանդիպումները ընտրատարածքի բոլոր թաղամասերում ցույց են տվել, որ մեր ներկայացրած և՛ ծրագրերը, և՛ իրավիճակի գնահատականները լիակատար փոխըմբռնման են արժանանում մեր քաղաքացիների կողմից: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրին և հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում առաջադրված Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանը:

«Չի եղել մի դեպք, որ հանդիպման մասնակիցները առարկություն, հակադիր տեսակետ ներկայացնեն: Մեզանից ոչ պակաս՝ և՛ իրավիճակն են հասկանում, և՛ երկրի, ժողովրդի հետ կապված պրոբլեմներն են հասկանում, վերլուծում և իրենց քաջալերանքն ու աջակցությունն են հայտնում մեզ»,- ասաց Գրիգորյանը:

Խոսելով նախընտրական շրջանում արձանագրված խախտումների մասին՝ Մուրադ Գրիգորյանը հայտնեց, որ խախտումներ թույլ է տալիս իր մրցակիցը՝ Արման Սահակյանը, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը:

«Համայնքապետերի, դպրոցների տնօրենների, մանկավարժական կոլեկտիվների միջոցով փորձում են քվեներ ապահովել, քվեներ կորզել: Պարտադրանքի, նույնիսկ սպառնալիքի ազդեցության տակ գրեթե ամեն օր, էդ խեղճ մարդկանց հավաքելով, հերթական ցուցումը, հերթական հանձնարարությունը, հերթական ուլտիմատումը տալով՝ փորձում են ձայն հավաքել»,- նշեց ՀԱԿ թեկնածուն:

Բացի դրանից, Գրիգորյանի խոսքով, քանի որ և տարվա վերջ է, և ամսվա վերջը, սկսել են կոմունալ վճարումներ, պարտքեր փակել ընտրողների փոխարեն: 

Նախորդ հոդվածը‘Մարսում օրգանական մոլեկուլներ են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը օրակարգից հանել է Աբխազական երկաթուղու շահագործման հարցը’