‘Հրանտ Բագրատյան. Եթե բարեփոխումներ եք անում, ինչո՞ւ են 35 տոկոսով կրճատվում օտարերկրյա ներդրումները ‘

1247

Այն, որ ասում են՝ բարեփոխումներ ենք անում, կամ էլ երեկ ԵԺԿ-ի նախագահն ու Բարոզուն էին հայտարարում ռեֆորմների մասին, սա դրա վկայությունն է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորած, որ պաշտոնական տվյալներով տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները կրճատվել են 35,2 տոկոսով:

«Եթե բարեփոխումներ եք անում, ինչո՞ւ են կրճատվում օտարերկրյա ներդրումները 35 տոկոսով: Սա պատասխանն է բարեփոխումներին, այսինքն՝ բարեփոխումներ իրականում չկան երկրում»,- ասաց Բագրատյանը:

Մեր դիտարկմանը, թե Doing Business-ի ցուցանիշով՝ Հայաստանը ներդրումային միջավայրում զգալի առաջընթաց է գրանցել, Բագրատյանն ասաց, թե չպետք է շատ ոգևորվել այդ ցուցանիշով, որովհետև մեր մյուս ցուցանիշների գծով մենք հետընթաց ունենք:

«Եվ երկրորդը՝ այո՛, ֆորմալ այդ ցուցանիշը կա, իբր թե բարեփոխում է, բայց իրականում անունը կա, ամանում չկա: Հայաստանի մաքսային օրենսգիրքն, անխոս, աշխարհի լավագույն օրենսգրքերից մեկն է, բայց կոնկրետ գործը աշխարհի վատագույններից մեկն է»,- եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում կազմել են շուրջ 221,3 մլն դոլար՝ 2011-ի նույն ժամանակահատվածի 479,4 մլն դոլարի դիմաց: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականը արտագաղթի մասին. Այսօր գնալու հնարավորությունները մի քանի անգամ ավելացել են’
Հաջորդ հոդվածը‘Սոմալիի ծովահենները ազատ են արձակել 19 ամիս գերության մեջ գտնվող նավաստիներին’