‘Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է ‘

1229

Այսօր աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է։
Վ. Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում 1908թ. սեպտեմբերի 18-ին։ Աշխարհահռչակ գիտնականը տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։ Նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։

1928 թ. ավարտել է Լենինգրադի համալսարանը, 1934–43 թթ. եղել է այդ համալսարանի պրոֆեսոր, 1939 թվականից՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը, միաժամանակ՝ աստղադիտարանի տնօրեն, 1941-ից՝ ուսումնական մասի պրոռեկտոր: Եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ, առաջին փոխնախագահը, այնուհետև՝ նախագահ, 1994–96 թթ.՝ պատվավոր նախագահ:
1946 թ. հիմնադրել և մինչև 1988 թ. եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։
Ակադեմիկոսը ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, մշակել նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, ցույց տվել, որ առանձին աստղերի՝ միմյանցից հեռանալու պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են, և այդ փաստի հիման վրա գնահատել է նրանց տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով Համբարձումյանը հիմնավորել է, որ մեր Գալակտիկայի տարիքը պետք է լինի 1011 տարի: Նա ցույց է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում է բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ, որոնց ուսումնասիրության համար մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Նա ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը:
Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (Ambartsumian), որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան` Ղրիմի աստղադիտարանում 1972թ. մայիսի 14-ին:
Վիկտոր Համբարձումյանը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին։ Նրա աճյունը հանգչում է Բյուրականում՝ Մեծ աստղադիտակից ոչ հեռու, աստղադիտարանի գերեզմանատանը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ լիագումար նիստը՝ սեպտեմբերի 19-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը խրախուսում է անիմաստ բռնությունը. Սերժ Թանկյան’