‘Գազայում անսովոր բույրով օծանելիք են արտադրել’

901

Գազայի հատվածում վաճառքի է հանվել «հրթիռների բույրով» և «M75» անվանմամբ օծանելիք: «M75» հրթիռները Գազայում պաղեստինցի գրոհայինների խորհրդանշաններից  մեկն էին դարձել:  Այդ տիպի հրթիռներով պաղեստինցի գրոհայինները «Ամպի սյուն» հակաահաբեկչական գործողության ընթացքում  ռմբակոծում էին Թել Ավիվն ու Երուսաղեմը: Օծանելիքի հոտը պետք է այն օգտագործողներին հիշեցնի պաղեստինյան հաղթանակների մասին, newsru.com-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Ալ Քուրդս-ալ-Արաբի» թերթը: «Հաղթանակն օգտագործել որպես ոգեշնչման աղբյուր՝ դա այնքան բնական է»,- ասել է օծանելիքի վաճառքով զբաղվող խանութներից մեկի սեփականատերը: «Այդ օծանելիքի հոտը նույնքան զգլխիչ է և թարմացնող, որքան պաղեստինյան դիմադրության հրթիռներինը: Մենք ուզում ենք, որ մարդիկ հպարտանան մեր հաղթանակներով՝ որտեղ էլ լինեն՝ Գազայի հատվածում թե Չինաստանում»,- հայտարարել է կոսմետիկական ընկերության սեփականատեր Շադի Ադվանը՝ նոր օծանելիքի անվան հեղինակը:

Ի դեպ, հաղթանակի բույրը, որ «միշտ քեզ հետ է», ոչ բոլորին մատչելի կլինի. այն արժե 50 շեքել, ինչը, ինչպես խոստովանում են արտադրողները, էժան չէ  տարածաշրջանի համար: Այս օծանելիքն անցյալ շաբաթ նվիրել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Խալիդ Մաշալին, որը 25 տարուց ի վեր առաջին անգամ ժամանել է այդ տարածք, և Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիյեին, հաղորդում է NEWSru Israel-ը: 

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի արքայադուսրը իր հայազգի սիրեցյալի հետ փախել է հայրական տնից’
Հաջորդ հոդվածը‘Տ.Ուրիխանյան. Խանդը, նախանձը ու արտաքին պատվերները չեն օգնի ‘