‘Բան Կի Մունը Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել’

1157

Ստորեւ ներկայացնում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ելույթը՝ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ.

««Հանդուրժողականություն ցուցաբերելու» կոչը Միավորված ազգերի կազմակերպության ինքնության փաստաթղթում ամրագրվել է դեռևս 70 տարի առաջ: Այսօր, անհանգստության և փոփոխությունների հորձանուտում մաքառող աշխարհում, Կանոնադրության մեջ ամրագրված կոչը շարունակում է մեր աշխատանքի կարևորագույն փորձաքարերից մեկը լինել: Մարդիկ ավելի փոխկապակցված են, բայց դա դեռ չի նշանակում, որ ավելի մեծ փոխըմբռնում կա: Հասարակությունները բազմազան են ավելի, քան երբևէ, բայց շատ վայրերում անհանդուրժողականությունն ահագնանում է:

Բազմաթիվ հակամարտությունների առանցքում կրոնական մոլեռանդությամբ պայմանավորված լարվածությունն է՝ զուգակցված բռնի ծայրահեղականության աճով, մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և էթնիկական զտումներով: Եվ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր բռնի տեղահանման ամենամեծ ճգնաժամն ատելություն ու այլատյացություն է հարուցել փախստականների և այլոց հանդեպ: Հանդուրժողականությունը շատ ավելին է, քան «ուրիշ»-ին պասիվորեն ընդունելը: Այն ենթադրում է գործելու պարտավորություն, և այն պետք է սովորեցնել, աճեցնել ու պաշտպանել: Հանդուրժողականությունը պահանջում է, որ պետությունները ներդրում կատարեն մարդկանց մեջ, ինչպես նաև կրթության, ներառման և հնարավորությունների օգտագործման միջոցով նրանց ողջ ներուժի իրացման հարցում: Սա նշանակում է կառուցել այնպիսի հասարակություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է, որտեղ վախը, անվստահությունն ու մեկուսացումն իրենց տեղը զիջում են բազմակարծությանը, մասնակցությանն ու տարբերությունների հանդեպ հարգանքին: Սա է Հանդուրժողականության միջազգային օրվա ուղերձը, որն արտացոլված է 1995 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունված «Հանդուրժողականության սկզբունքների մասին» հռչակագրում: Այս նույն գաղափարն է նաև աշխարհով մեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կենսագործվող Մշակույթների մերձեցման միջազգային տասնամյակի (2013-2022 թթ.) հիմքում:

Եկեք այսօր՝ Հանդուրժողականության միջազգային օրը, ճանաչենք ահագնացող վտանգը, որ առաջադրում են բաժանումների ձգտողները, և եկեք հանձն առնենք հարթել երկխոսության, հասարակական կապակցվածության և փոխըմբռնման վրա հիմնված ուղի»:

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ն Anonymous-ի հակերներին ապուշներ է անվանել’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ. Սուպերմարկետում վաճառվել է գողացված համակարգիչ’