‘
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը: Դեկտեմբեր ամսվա աղյուսակում Արոնյանն (2788) առաջադիմել է մեկ հորիզոնականով և այժմ 6-րդն է: Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը (2702) 43-րդ տեղում է, 88-րդ տեղում Սերգեյ Մովսեսյանն է (2659), իսկ Հրանտ Մելքումյանը (2654) 95-րդն է:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկըշարունակում է գլխավորել նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2834): Լավագույն 10 շախմատիստների շարքում են նաև Վեսելին Տոպալովը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Դինգ Լիրենը և Ուեսլի Սոն:
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում չինուհի Հոու Յեֆանն է (2683): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) նահանջել է 39-րդ հորիզոնական, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2440) 44-րդն է:
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների 12-րդ տեղում Կարեն Գրիգորյանն է (2602), իսկ Հովհաննես Գաբուզյանը (2585) 19-րդն է: Ցանկում է նաև Մանուել Պետրոսյանը (2466):
Նշենք նաև, որ թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:
‘