‘
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը աչքի չի ընկել «օլիգարխիկ հակումներով», սակայն, պարզվում է, պակաս կարողության տեր չէ:
Ուսումնասիրելով պատգամավորի 2011 թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ նա նշված տարում ունեցել է ընդամենը 3 մլն 802 հազար 130 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է:
Նշենք, որ 2011-ի սկզբին Արտակ Դավթյանն ունեցել է 5 մլն դրամ եւ 1 մլն 160 հազար դոլար, իսկ տարեվերջին` 3 մլն դրամ եւ 60 հազար դոլար:
Նշված տարում Արտակ Դավթյանն ունեցել է նաեւ վերադարձված երկու տարբեր փոխառություններ` 852 մլն 388 հազար 554 եւ 6 մլն 210 հազար դրամի չափով:
Բացի այդ՝ Ա. Դավթյանը մասնավոր ընկերություններից մեկի կանոնադրային կապիտալում ունի 70 մլն 6 հազար 680 դրամի մասնակցություն:
Տեղեկացնենք, որ Արտակ Դավթյանն ունի մեկ բնակելի տուն, բնակարան, ավտոտնակ եւ հասարակական տարածք:
Պատգամավորի կինը` Անահիտ Գաբրիելյանը, 2011-ին ունեցել է 119 մլն 224 հազար 914 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, վարձավճարից, 81 մլն 993 հազար 243 դրամ շահաբաժնից եւ 31 մլն 506 հազար 567 դրամ փոխառության տոկոսներից:
Անահիտ Գաբրիելյանի հաշվին եղել է 4 մլն դրամ (տարեսկզբին` 2.5 մլն ) եւ 100 հազար դոլար (տարեսկզբին` 85 հազար):
Պատգամավորի կինն ունեցել է նաեւ փոխառություններ, որը տարեվերջին կազմել է 124 մլն 20 հազար դրամ եւ 373 հազար 537 դոլար: Նա երկու մասնավոր ընկերությունների կանոնադրային կապիտալում ունի նաեւ ներդրումներ կամ արժեթղթեր, որոնք տարեվերջին կազմել են 80 մլն դրամ եւ 70 մլն 6 հազար 680 դրամ:
Անահիտ Գաբրիելյանը 2011 թ. ձեռք է բերել 2 տարածք` 80 մլն 676 հազար եւ 180 մլն դրամ արժողության:
Գրիշա Բալասանյան
hetq.am
‘