‘
Ֆիլիպիններում չորս ծայրահեղական խմբավորումներ միավորվել են և հայտարարել Մինդանաո կղզում «Իսլամական պետություն» «խալիֆաթի» նահանգ ստեղծելու մասին:
Այդ մասին այսօր հաղորդել է ավստրալական Australian թերթը, որի տվյալներով՝ գրոհայինները հավատարմության երդում են տվել ԻՊ-ի՝ Սիրիայում և Իրաքում գործող պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: «Խալիֆաթի» ֆիլիպինյան «նահանգը» կղեկավարի «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Իսնիլոն Հապիլոնը:
Ըստ փորձագետների՝ Ֆիլիպիններում կատարվող դեպքերը վկայում են, որ ԻՊ-ն փոխել է ռազմավարությունը. հասկանալով, որ Սիրիայում և Իրաքում տևական պայքար է սպասվում, նա այլընտրանքային տարածքներ է փնտրում իր գործունեության համար:
Ֆիլիպիններում ԻՊ-ի «նահանգի» ստեղծումը մեծ վտանգ է պարունակում հենց Ֆիլիպինների և Ավստրալիայի համար: Ըստ Australian-ի՝ շատ շուտով հենց ավստրալացիները կարող են դառնալ ահաբեկչական գրոհների հիմնական թիրախը: Փոխանցում է ТАСС-ը:
‘