‘Այսօր ծնվել է Նել Գվինը. սրտի կտոր էր այս նարնջե աղջիկը ‘

2284

Մի քիչ դժվար է պատկերացնել, բայց փորձենք։ 17-րդ դար, խստաշունչ, ավանդապահ Անգլիա, Լոնդոն։ Փողոցով սլանում է մի շքեղ կառք, ակնհայտորեն՝ թագավորական «հարեմին» է պատկանում։ Մարդիկ քարեր են շպրտում դեպի կառքը, սուլում, հայհոյում ներսում նստած «պոռնիկին», եւ մեկ էլ այդ կառքից գլուխը հանում է մի «ծիծաղախիտ» տիկին ու բղավում. «Էհե՜յ, բարի մարդիկ, հանգստացեք, ես բողոքակա՛ն պոռնիկ եմ»։ Ե՞վ։ Եվ այդ նույն մարդիկ կերպարանափոխվում են, սուլոցը դառնում է հաճույքից նվաղող ծիծաղ, հայհոյանքը՝ բուռն սիրո խոստովանություն։ «Մեր Նելն է»,- միմյանց փոխանցում են վայրկյաններ առաջ քարեր նետող ու հայհոյող մարդիկ, եւ «մեր Նելը» հանգիստ շարունակում է իր ճամփան։

Ո՞վ էր այս «մեր Նելը»։ Անգլիայի թագավոր Կարլ 2-րդի բազմաթիվ սիրուհիներից մեկն էր ընդամենը, բայցեւ այդ բազմաթիվներից միակն էր, որին սիրում էին թագավորը, ազնվազարմները եւ հասարակ ժողովուրդը։ Երբ կառքն անցնում էր Լոնդոնի փողոցներից մեկով, եւ «մեր Նելը» զայրացած մարդկանց խաղաղեցրեց ու զվարճացրեց մեկ բացականչությամբ, հենց այդ ժամանակահատվածում՝ սիրուհիներին թաշկինակի պես փոխող Կարլ 2-րդի ընտրյալը ֆրանսուհի Լուիզան էր, որը կաթոլիկ էր, եւ անգլիացիները շատ անհանգիստ էին. իսկ եթե հանկարծ այդ Լուիզա կոչեցյալն իրենց բողոքական, բայցեւ թեթեւամիտ Կարլին համոզի կաթոլիկությու՞ն ընդունել։ Ահա այս բորբոքված ու լարված անգլիացիները կարծում էին, որ կառքի մեջ հենց այդ «պոռնիկ» Լուիզան է, դե՛, «մեր Նելն» էլ կարճ ու կոնկրետ հասկացրեց, որ սխալվում են։

Ժամանակակից անգլիացի աղջնակների սիրելի խաղալիքներից է շիկահեր տիկնիկ Նել Գվինը։ Լոնդոնում գարեջրատուն կա «Նել Գվին» անունով։

Որպեսզի հասկանանք՝ իր ո՛ր արժանիքների շնորհիվ է այս կինը նվաճել անգլիացիների սերը, նախ պարզենք, թե ով է այս Նել (Էլինոր) Գվինը։

Ծնվել է (1650-1687) հասարակաց տան ձեղնահարկում, տարիների փոշու եւ անպետք իրերի մեջ։ Մեծացել է հենց այդ հասարակաց տանը, որի «մամա Ռոզան» իր հարբեցող մայրն էր։ Փոքրիկ Նելը գինի էր մատուցում մարմնավաճառների հաճախորդներին, շուկայում ձուկ էր վաճառում։ Մի օր էլ բախտը ժպտաց, եւ նա աշխատանք գտավ լոնդոնյան արքայական «Drury Lane» թատրոնում։ Քաղցրավենիք ու նարինջ էր վաճառում։ Ի դեպ, «մեր Նելին» նաեւ «Նարնջե աղջիկ» են ասում։

Թատերասերները նկատեցին նրան ու սիրեցին։ Ու պատճառն այն չէր, որ Նելը շլացուցիչ գեղեցիկ էր (փոքրամարմին, անհամաչափ դիմագծերով աղջիկ էր), ոչ էլ պատճառը նրա գլխին «բազմած» շիկակարմիր մազերի դեզն էր։ Այս ծանր կյանք ապրած ու ապրող աղջնակը ուրախ, անմիջական, կատակասեր ու չարաճճի էր։ Դե, եթե հանդիսատեսն էր նկատել նրան, զարմանալի բան չկար, որ մի օր էլ նկատեցին թատրոնի տնօրենն ու ռեժիսորը։ Ու պարզվեց՝ «մեր Նելը» կատակերգությունների անփոխարինելի դերասանուհի է։

Ի դեպ, կենսագրություն կոկող-արդուկողները պատմում են, որ չնայած Նելը հասարակաց տանն է մեծացել, բայց սրբորեն պահել-պահպանել է իր կուսական մարմինը Կարլ 2-րդ թագավորի համար։ Ավելի ողջամիտները, որ պակա՛ս չեն սիրում Նելին, պատմում են, որ նա ոչ միայն «սուրբ» չէր ու չէր էլ եղել մինչեւ թատրոնի գլխավոր ռեժիսորի սիրուհին դառնալը, այլեւ երբեք չէր էլ փորձում «անբիծ կույս» ներկայանալ, եւ ինչպես ամեն ինչին այս աշխարհում, այդպես էլ իր խառնիխուռն կենսագրությանը վերաբերվում էր հումորով, իսկ իր ընկեր մարմնավաճառներին՝ քրոջ սիրով։ Պատմում են նույնիսկ, որ նա Կարլ 2-րդին կատակով «Կարլ 3-րդ» էր ասում, որովհետեւ մինչ նրա սիրուհին դառնալը՝ Կարլ անունով երկու սիրեկան էր ունեցել։

Եվ այսպես, այս խենթուկի հմայքն ու անմիջականությունն այնպես են գրավում մարդկանց, որ շուտով հանդիսատեսներն սկսում են թատրոն հաճախել հատկապես եւ միայն Նելին տեսնելու համար։ Բնականաբար, Նելը չի վրիպում նաեւ պատմության մեջ «Ուրախ միապետ» մականվամբ անմահացած Կարլ 2-րդի աչքից։ (Պատմում են, որ նույնիսկ մահվան մահճում տանջալի ցավերից գալարվելիս նա կատակել է՝ դիմելով իր շուրջը հավաքված պալատականներին. «Ներեցեք, պարոնայք։ Ես ոտքս կախ եմ գցել, ձեզ էլ եմ ուշացնում»)։

Ահա հանուն այս ուրախ Կարլի՝ ուրախ Նելը լքում է բեմը եւ նվիրվում իր սիրելի թագավորին, երկու որդի պարգեւում նրան։ Չնայած Նելի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքին, թագավորն, իհարկե, «չի դավաճանում իր քնարին», շարունակում է սիրուհիներ փոխելու «բարի, գեղեցիկ ավանդույթը», բայց Նելը նրա համար անփոխարինելի է մնում մինչեւ իր կյանքի վերջը։ Մահից առաջ, ի դեպ, գահի ժառանգորդ եղբորը Կարլը խնդրում է, որ անօգնական չթողնի իր սիրելի Նելին։ Եղբայրը սրբորեն կատարում է նրա խնդրանքը։ Թագավորի մահից երկու տարի հետո Նելը գնում է միանալու նրան։ «Մեր Նելի» թաղմանը եկեղեցում ասեղ գցելու տեղ չի լինում։

Ինչու՞ էին բոլորը սիրում Նել Գվինին։ Ինչու՞ էր ամեն երեկո Կարլ թագավորը շտապում Նելին հատկացված հարկաբաժին։ Պալատական խարդավանքներից, իր չսիրած քաղաքականությունից, սիրուհիների խանդի տեսարաններից հոգնած թագավորը խաղաղվում էր բարի, սիրառատ ու «թեթեւամիտ» Նելի կողքին։ Այս կինը երբեք չէր խառնվում պետական գործերին, ոչինչ չէր պահանջում իր ամենակարող ու անհավատարիմ սիրեցյալից, չէր չարախոսում նրա սիրուհիների հասցեին, նույնիսկ ընկերություն էր անում այդ կանանց հետ, օգնում էր՝ ինչով կարող էր։ Երբեք չէր մոռանում, թե որտեղից է եկել հասել պալատ, չէր ծեքծեքում, չէր սեթեւեթում, «ազնվազարմ» տիկնանց պես չէր կոտրատվում, չէր կեղծում, սիրում էր իր թագավորին, սիրում էր հարուստներին, սիրում էր աղքատներին։

Շնորհակալ էր ճակատագրից, որ այդքան բարեհաճ էր գտնվել որբուկ Նելի նկատմամբ։

Սրտի կտոր էր, ո՞վ լիներ, որ չսիրեր նարնջի պես համով-հոտով «մեր Նելին»։

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Հայաստանի կրթական համակարգը ամորձատված է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ն Անկարային կոչ է անում հետաքննել քրդերի գնդակահարությունը Ջիզրայում’