‘Բոժկո. Հայաստանի ԱԳՆ-ն դժվար թե իր կամքով էր պահանջում ինձնից չանցկացնել Սովասպանդի հուշ-երեկոն’

2303

Երկու օր առաջ Սիվիլնեթում մի նյութ հրապարակվեց այն մասին, թե ինչպես է Վիկիլիքսի փաստաթղթերից մեկով պարզ դառնում, թե իրականում ինչ է եղել դեռ 2008-ին, երբ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյի կեցավայրը հարձակման էր ենթարկվել:

«2008թ. աշնանը հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ ավազակային հարձակում է կատարվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բոժկոյի բնակարանի վրա: Հավանաբար, որևէ մեկը կասկած չուներ, որ դա պարզ հանցագործություն էր և չէր կարող դիվանագիտական կամ քաղաքական աստառ ունենալ:

Սակայն Վիկիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը բացահայտում է բոլորովին այլ իրողություն:

«Խորհրդապահական» դասակարգումը կրող փաստաթուղթը 2008թ. նոյեմբերի 3-ին պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան (2008-2011) Մարի Յովանովիչը:

Այսպես, Հայաստանում Ուկրաինայի այդ օրերի դեսպան Օլեքսանդր Բոժկոն Յովանովիչի հետ զրույցում մանրամասնել է կիրակի, 2008թ. հոկտեմբերի 19-ի՝ իր կեցավայրի վրա հարձակումը: Բոժկոն հավատացած է, որ դա կապ ունի Հոլոդոմորի [1932թ. Ուկրաինայի ծրագրված զանգվածային սովամահությունը, որ հաճախ անվանվում է ցեղասպանություն] հիշատակության օրվա հետ:

Երևանում Հոլոդոմորի օրը Ուկրաինայի դեսպանությունը պետք է նշեր հոկտեմբերի 20-ին: Հենց նույն օրը Երևան պետական այցով պետք է ժամաներ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նախօրեին Հայաստանի արտգործնախարարություն է հրավիրվում Ուկրաինայի դեսպանը, որտեղ նրան հորդորում են չեղյալ հայտարարել Հոլոդոմորի միջոցառումը: Բոժկոն հրաժարվում է:

Հոկտեմբերի 19-ին, երբ նա կեցավայրում չէր, ջարդվում է բնակարանի դուռը, տակնուվրա ու ջարդուփշուր են արվում նրա անձնական իրերը, սակայն շատ քիչ բան է գողացվում:

Բոժկոն Յովանովիչին ասել է, որ այդ հարձակումը նպատակ ուներ վախեցնել իրեն: Հոլոդոմորի միջոցառումը չեղյալ չի հայտարարվում, իսկ Հայաստանի կառավարության որևէ անդամ չի մասնակցում Հոլոդոմրի հիշատակի արարողությանը»,- մասնավորապես գրում է Սիվիլնեթը:

Եւ ահա թե ինչ է այս հրապարակմանն արձագանքել ինքը՝ Բոժկոն, ֆեյսբուքյան գրառումով.

«Սիրելի հայ բարեկամներ, չէի ուզում անդրադառնալ այս թեմային, որովհետև իմ կյանքում աշխատում եմ վատ բաներ չհիշել: Բայց այս հրապարակումից հետո ստիպված եմ դա անել՝ ամեն ինչ ճշտելու համար: 
Բանն այն է, որ հիշված հարձակումից անմիջապես առաջ՝ շաբաթ օրն ինձ հրավիրել են Հայաստանի արտգործնախարարություն: Դա ինձ համար շատ անսպասելի էր, նախ՝ որ շաբաթ էր, Արտգործնախարարությունը չէր աշխատում: Հետո, որ բարևելուց անմիջապես հետո փոխնախարարը բավականին կոշտ ձևով է պահանջել ինձնից, որ Ուկրաինայի դեսպանությունը չանկացնի Ուկրաինայում 1932-33 թվականներին Սովասպանդի զոհերին նվիրված հուշ-երեկոն, որ պետք է տեղի ունենար Երևանի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում՝ եկող երկուշաբթի օրը: Պատճառն այն էր, որ այս երեկոն իբր թե կարող էր կրել հակառուսական բնույթ: 
Ես ստիպված էի բացատրել իմ հայ գործընկերոջը, որ երեկոն անցկացնելու հարցը ես անձամբ համաձայնեցրել եմ հենց Արտգործնախարարությունում՝ շատ ժամանակ առաջ: Հետևաբար, հրավերքներն արդեն ուղարկված են, և 2 օրվա ընթացքում դժվար կլինի դրանք ետ կանչել: Բացի այդ, երեկոյին խոսք պետք է լինի ոչ թե ռուսական, այլ 1932-33 թվականներին սովետական իշխանությունների ռճրագործության մասին: Հիշեցրել եմ նաև փոխնախարարին, որ Ուկրաինան ըմբռնումով էր մոտենում հայերի ողբերգությանը՝1915 թ. Թուրքիայում հայերի ցեղասպանության վերաբերյալ, եւ մի դեպք չի եղել, որ մեր իշխանությունները խոչընդոտեին ուկրաինահայերին այդ ողբերգական տարելիցը նշելու համար: «Հենց այդ պատճառով լրիվ անհասկանալի է, -շարունակում էի ես,- որ Հայատանը դեմ է, որպեսզի տեղի ուկրաինացիները դեսպանության հետ միասին նշեն ուկրաինական ժողովրդի այդ ողբերգության 75-ամյակը, որ նշվել է աշխարհով մեկ, այդ թվում Ռուսաստանում…»:
Այս ոչ հաճելի խոսակցությունից հաջորդ օրը մենք տեղի ուկրաինական համայնքի հետ միասին անցկացրել ենք հուշ-երեկոյի գլխավոր փորձը, իսկ երբ ես դրանից հետո վերադարձել եմ տուն, հանկարծ հայտնաբերեցի, որ Ուկրաինայի դեսպանի նստավայրը իմ բացակայության ժամանակ հարձակման է ենթարկվել: Իմ անձնական իրերը ջարդված-պատառոտված եին, թափված էին հատակին, կարծես ցուցադրաբար, ոտնակոխած էին սպիտակեղենը, շապիկները, ջարդված էին ներսի ապակիներն ու հայելին: Զարհուրելի պատկեր էր, պետք է ասեմ:
Դեսպանության անվտանգության գծով սպայի հետ հեռախոսով մենք անմիջապես դիմել ենք ոստիկանություն: Չնայած նստավայրը Բաղրամյանի կենտրոնական պողոտայից երկու քայլի վրա էր, մոտ մեկ ժամ ոստիկանությունը չէր գալիս և եկել է միայն Հայաստանի անվտանգության ծառայություն մեր զանգահարելուց հետո: Եւ որ ամենակարևորն է. թե ոստիկաններին, թե անվտանգության ծառայության աշխատողներին մենք միանգամից ասել ենք, որ թող իզուր ջանքեր չթափեն, որովհետև դա, ըստ ամենայնի, քաղաքական սադրանք է: Եվ դրա հեղինակն, ըստ նրա թողած ձեռագրի, ամենից շուտ, ուրիշ երկրի հատուկ ծառայություն է, որը նպատակ ունի նախազգուշացնելու, վախեցնելու Ուկրաինայի դեսպանությանը՝ 1932-33 թթ. Սովասպանդի զոհերին նվիրված Երևանում անցկացվելիք հուշ-երեկոյից առաջ, կամ գուցե բացասական ստվեր գցել դրա վրա՝ սկանդալային լուրեր տարածելով դեսպանության շուրջը: Այդ իսկ պատճառով ես խնդրել եմ իմ աշխատակիցներին ոչ մի տեղեկություն չտալ միջադեպի մասին ոչ հայկական, ոչ էլ՝ ուկրաինական ԶԼՄ-ներին: Այդպես էլ եղել է: 
Երեկոն մենք, այնուամենայնիվ, անցկացրել ենք, թեկուզ և ոչ մի հայ պաշտոնյա նրան չի մասնակցել: Ավելին՝ Հայկական պաշտոնական առաջին հեռուստալիքը «կրկես» է անվանել է այդ հուշ-երեկոն, որին ամբողջ Հայաստանից եկած ուկրաինացիները՝ նրանց հայ բարեկամների հետ միասին, հիշում էին արհեստական սովից մահացած միլիոնավոր անմեղ մարդկանց:
Սա ցավալի և ամոթալի մի ամբողջ պատմություն է, որին ես չէի ուզում անդրադառնալ այս տարիներին, և որի մասին չի գրել ոչ մի հայկական կամ ուկրաինական լրատվամիջոց 2008 թ. աշնանը: Եվ միայն ՎԻԿԻԼԻՔՍԻ պատճառով դա պատահմամբ հայտնի է դարձել: Բայց քանի որ իմ ամերիկացի նախկին գործընկերուհին միշտ չէր, որ ուշադիր էր լսում իր զրուցակիցներին, թյուրիմացություն է ստացվել, որ ես այդ սադրանքի մեջ մեղադրում էի Հայաստանի հատուկ ծառայությունները: Չեմ կարծում: Այնպես, ինչպես Հայաստանի արտգործնախարարը դժվար թե իր կամքով էր պահանջում ինձնից չանցկացնել հիշված հուշ-երեկոն Երևանում»:

 

Նախորդ հոդվածը‘Արարատ Կոստանյան. Չինաստանի մասին’
Հաջորդ հոդվածը‘Կալանավորվել է Վարդգես Գասպարին’