‘Հենրիխ Մխիթարյան. «Ես չեմ կարող ասել, թե ինչու է մարզիչը նման որոշում կայացրել»’

1181

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն այսօր տեղի ունեցած մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Մխիթարյանը նշեց, որ կփորձեն հնարավորինս օգնել հավաքականի նորեկներին:

«Նորեկները շատ լավ ֆուտբոլիստներ են: Նրանց կօգնենք, որպեսզի արագ հարմարվեն ու կարողանան օգտակար լինել: Առաջին մարզումը շատ լավ անցավ: Հույս ունենք՝ լավ կպատրաստվենք խաղին: Ամեն ինչ կանենք, որպեսզի լավ տրամադրությամբ հաջողություն մաղթենք Ռոման Բերեզովսկուն»,-նշեց Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձավ Ռոբերտ Արզումանյանի՝ հավաքականում այլևս հանդես չգալու որոշմանը և Յուրա Մովսիսյան ու Գևորգ Ղազարյանի  բացակայությանը:

«Ռոբերտ Արզումանյանի հետ դեռ չեմ խոսել, բայց հարգում եմ նրա որոշումը: Եթե նա որոշել է ավարտել կարիերան ազգային ընտրանու կազմում, ապա կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան հավաքականում անցկացրած տարիների համար: Ճիշտ է, ցավալի է, բայց պետք է առաջ շարժվենք, մտածենք, որ հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր կփոխարինեն նրան:

Յուրա Մովսիսյանի ու Գևորգ Ղազարյանի բացակայությունը կզգացվի, բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր, հավանաբար, պատրաստ կլինեն խաղալ նրանց փոխարեն: Եթե մարզիչը որոշել է չհրավիրել նրանց, ուրեմն այդպես է պետք: Ես չեմ կարող ասել, թե ինչու է մարզիչը նման որոշում կայացրել»,-ասաց Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը միաժամանակ կլինի մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը, կկայանա մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Բելգիայի հավաքականի մարզումը հետաձգվել է ահաբեկչական հարձակումների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘«Daily Express». «Արսենալը» և «Լիվերպուլը» կպայքարեն Մխիթարյանի համար’