‘«Daily Express». «Արսենալը» և «Լիվերպուլը» կպայքարեն Մխիթարյանի համար’

1323

Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա: 

«Daily Express»-ը հաղորդում է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Լիվերպուլը»: Ըստ բրիտանական պարբերականի, Մխիթարյանին իր թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, սակայն հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու հարցում նա պետք է պայքարի «Լիվերպուլի» հետ, որի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մխիթարյանի հետ աշխատելու փորձ ունի: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Շաբաթներ առաջ Յուրգեն Կլոպը գովասանքով էր խոսել Մխիթարյանի մասին՝ չբացառելով նրա հետ կրկին աշխատելու տարբերակը. «Կասկածից վեր է, որ Հենրիխն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա ցուցադրում է տեխնիկայի և արագության անհավանական համադրում: Դա ոչ բոլորին է բնորոշ»,-ասել էր Կլոպը:

Անձամբ ֆուտբոլիստը, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը», վերջերս նշել էր, որ կարիերայի շարունակության վերաբերյալ հստակ կխոսի ամռանը:

«Ձգտում եմ ոչինչ չխոսել կոնկրետ թիմերի մասին։ Ամռանն ամեն ինչ պարզ կլինի: Առանձնակի նախընտրություն չունեմ՝ կապված առաջնությունների հետ։ Պրիմերան, ԱՊԼ-ն, Ա Սերիան աշխարհի լավագույն առաջնություններն են։ Գլխավորը ոչ թե լիգան է, այլ ակումբը, որը թույլ կտա ֆուտբոլիստին լիովին օգտագործել իր պոտենցիալը»,-ասել էր Մխիթարյանը:

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին խփել է 20 գոլ, կատարել է 24 գոլային փոխանցում: «Transfermarkt» մասնագիտացված կայքը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 մլն եվրո:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Ես չեմ կարող ասել, թե ինչու է մարզիչը նման որոշում կայացրել»’
Հաջորդ հոդվածը‘Ջերարդ. «Կցանկանայի դառնալ «Լիվերպուլի» մարզիչը»’