‘
2015-ի մարտին ավստրալացի Թոնի Սկեֆֆինգտոնի մոտ ախտորոշվել է կույրաղիքի քաղցկեղ: «Լեսթերի» երկրպագուի համար բոլորովին էլ հուսադրող չէր բժիշկների եզրակացությունը. ամենաշատը 4 շաբաթվա կյանք: Ավստրալացին, որը սերում է Լեսթերշիրի կոմսությունից, ողջ կյանքում երկրպագում է «Լեսթերին»:
Իմանալով իրենց երկրպագուի սարսափելի հիվանդության մասին` «Աղվեսները» Թոնիին բոլոր ֆուտբոլիստների ստորագրությամբ շարֆ էին ուղարկել և նրա սիրելի ֆուտբոլիստի` Էնդի Քինգի լուսանկարը:
Սկեֆֆինգտոնը բաղձում էր գոնե մեկ անգամ ներկա լինել սիրելի ակումբի խաղին, սակայն հիվանդությունը նրան գամել է հիվանդանոցի մահճակալին և ոչ մի շանս չի թողնում` իրականացնելու երազանքը: Հիմա Թոնին հույս ունի տեսնելու սիրելի թիմի չեմպիոնությունը: Ընդ որում, նա այդպիսի ելքի վրա խաղադրույք է կատարել մրցաշրջանի մեկնարկից առաջ: Երկրպագուն ցանկացել էր 2 ավստրալական դոլար դնել 3000/1 գործակցով, սակայն նրա կինը սխալմամբ 20 դոլար է դրել:
«Ես պահպանում եմ լավատեսությունը և հույս ունեմ, որ կտեսնեմ «Լեսթերի» չեմպիոնությունը: Թիմի հաջողությունն ինձ ավելի շատ է հուզում, քան գումարն ու շահումը», — Սկեֆֆինգտոնի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Ճիշտ է, Թոնիի վիճակը գնալով վատանում է: Ըստ բժիշկների ախտորոշման` 51-ամյա տղամարդուն մնացել է ապրելու մինչև ապրիլի վերջ:
«Իմ վիճակը շատ մռայլ է: Վերջին քիմիաթերապիան ընդհանրապես արդյունք չտվեց: Միգուցե, ես դեռ մի քանի շաբաթ էլ ունեմ ապրելու: «Լեսթերը» պահպանում է իմ կյանքը», — ասել է Սկեֆֆինգտոնը:
‘