‘
Ֆուտբոլի Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկեւիչը խոսել է Հայաստանի եւ Չեռնոգորիայի դեմ առաջիկա ընկերական խաղերի մասին:
«Հայաստանի եւ Չեռնոգորիայի հավաքականները 2 տարբեր թիմեր են: Եթե հայերը սիրում են խաղը կառուցել՝ պաշտպանությունից արագ անցնելով հարձակմանը կարճ փոխանցումներով ու պատ խաղով, ապա Չեռնոգորիան նախապատվությունը տալիս է եզրերին՝ ցուցադրելով իր ֆուտբոլը: Չգիտեմ, թե ինչպես են նրանք խաղալու մեր դեմ: Դա կտեսնենք խաղերի ժամանակ:
Հանդիպումներին չեն մասնակցելու Պավել Նեխայչիկը, Մաքսիմ Բորդաչեւը, Իգոր Ստասեւիչը, որոնք ունեն վնասվածքներ: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Գլեբին, ապա նա հավաքից 2 շաբաթ ազաջ զանգեց եւ ասաց, որ կարող է առողջական խնդիրների պատճառով պատրաստ չլիներ հավաքականի խաղերին: Այդ պատճառով որոշեցինք չհրավիրել նրան: Անտոն Պուտիլոն էլ ունի առողջական ու ընտանեկան խնդիրներ»,- մարզիչի խոսքը մեջբերում է«Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստան — Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին: Դա կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն ազգային թիմի կազմում:
‘