‘Գոհար Սիմոնյան. Ո՞վ սկսեց չորսօրյա պատերազմը, եւ ո՞վ ավարտեց’

10596

Ղարաբաղյան չորսօրյա պատերազմն ավարտվեց փխրուն հրադադարով, եւ այժմ, թերեւս, ժամանակն է հասկանալ՝ ովքեր էին մեղավորները, ինչպիսի աշխարհաքաղաքական պայմաններում սկսվեց այսօրինակ արկածախնդրությունը, ում հրամանով, որ մեխանիզմների գործադրմամբ եւ, հատկապես մեր դեպքում՝ ինչ դասեր քաղելու պայմանով:

Բնականաբար, մի նյութի շրջանակնում անհնար է պատասխանել բոլոր այս հարցերին, բայց գոնե կարելի է ձեւակերպել դրանք եւ ուրվագծել այն միջավայրը, որում սկիզբ առան եւ զարգացան բոլորիս համար անչափ ցավալի իրադարձությունները:

Առկա փաստերը գալիս են ապացուցելու, որ հակամարտության վերսկսման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա թեկուզ միայն այն պատճառով, որ ո՛չ ԼՂՀ-ին, ո՛չ պաշտոնական Երեւանին ձեռնտու չէր ստատուս-քվոյի խախտումը: Բացի այդ, ի տարբերություն պաշտոնական Ստեփանակերտի, Երեւանի եւ, իհարկե, նաեւ մեդիայի, ադբեջանական կողմն առաջին օրը բացարձակ լռություն էր պահպանում ընթացող պատերազմի վերաբերյալ եւ նույնիսկ ապրիլի 1-ին ամենաբարձր մակարդակով էր հերքվում իրենց իսկ առաջին ուղղաթիռի խոցման փաստը:

Ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ միջազգային առաջատար լրատվամիջոցների էջերից չէին իջնում սոսկալի զարգացումներին վերաբերող պատկերներն ու մեկնաբանությունները, Ադրբեջանի արտգործնախարարը CNN-ի եթերում ջղաձգորեն փորձում էր ապացուցել, թե Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, նրանց թվում՝ ինքն ու Ալիեւը, որ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում գտնվում էին Վաշինգտոնում,  ՌԴ արտգործնախարար Լավրովի հեռախոսազանգի՛ց են տեղեկացել հրադադարի խախտման վերավերյալ եւ միայն դրանից հետո են հրամայել «համարժեք պատասխան տալ հայկական ագրեսիային»:

Նախապես մտածված ծրագրի եւ Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին են վկայում նաեւ ապրիլի 2-ին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունն առ այն, թե «որեւէ երկիր այսքան երկար չէր կարող հանդուրժել իր տարածքների բռնազավթումը մեկ այլ երկրի կողմից», եւ Իլհամ Ալիեւի խոստովանությունն այն մասին, թե «ինչպես երեւում է՝ հակամարտության լուծման այլ եղանակ, քան ուժայինն է, հայկական կողմը չի ընկալում»:

Նույն բանի մասին են խոսում նաեւ ապրիլի 2-ին Բաքվի կողմից հայտարարված «միակողմանի հրադադարն» ու դրանից անմիջապես հետո թեժացած զարգացումները, ընդհուպ՝ ռուսական արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիրի (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ներառյալ՝ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ), 2Բ24/2Բ11 ականանետների եւ իսրայելական արտադրության Hermes 450, Aerostar,  Orbiter M ԱԹՍ-ների գործադրմամբ:

Ակնհայտ է, եւ ռազմական փորձագետներն էլ անվերջ այդ մասին են խոսում, որ հատկապես հայտարարված «թույլ հակառակորդի հարձակումից հանկարծակիի եկած եւ պաշտպանության անցած կողմը» չէր կարող նման կերպ կողմնորոշվել  եւ բոլոր այս դաժանագույն համակարգերը ոչ միայն անհամարժեքորեն գործի դնել, այլեւ ժամանակ ունենալ, օրինակ, ԱԹՍ-ների կառավարման համար րոպեների ընթացքում իսրայելացի մասնագետներ հրավիրել, որոշ տեղեկությունների համաձայն՝ ԴԱԻՇ-ից հատուկ վարձկաններ, եւ կամ էլ հատուկ ջոկատայիններին հեշտուհանգիստ ուղարկեր խաղաղ մարդկանց իրենց իսկ տներում գնդակահարելու՝ միաժամանակ «հարձակվող կողմին» այդչափ անպատրաստ գտնելով…

Անհերքելի է, ուրեմն, Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը վերսկսված չորսօրյա պատերազմի հարցում: Իսկ բոլոր այն դաժանությունները, որ հերթական անգամ դրսեւորվեցին քաղաքացիական անձանց եւ ժամկետային զինծառայողների նկատմամբ, հարկ է, որ քննվեն միջազգային դատակա՛ն ատյաններում:

Այս առումով, ի դեպ, պաշտոնական Երեւանն իսկապես էլ լուրջ անելիք ունի: Հակառակ պարագայում՝ հողին կհավասարեցվի պաշտպանության բանակի հզոր  մարտական ոգին, մեր ժողովրդի կողմից ցուցաբերված նախանձելի միասնականությունն ու զոհողությունների պատրաստակամությունը, վերջապես՝ մեր լույս-տղաների թանկ արյունը, որ այս օրերին այդքան առատորեն հեղվեց մարտի դաշտում:  

(Ի միջի այլոց, իշխանություններին ուղղելիք էլի՛ շատ հարցեր կան՝ հետախուզական կառույցների անբավարար աշխատանքից մինչեւ արտաքին քաղաքականության՝ տարբեր ուղղություններով անհրաժեշտ աշխատանքի ուղղակի ձախողում, թշնամու առաջխաղացման առանձին դիպվածներ եւ այլն: Բայց քանի դեռ նույնիսկ մեր տղաների դիերը հողին չեն հանձնվել, իսկ հրադադարն էլ փխրուն է, առայժմ միտումնավո՛ր ենք զանց առնում դրանք՝ սպասելով ավելի հարմար ժամանակների: Ի վերջո, որեւէ մեկն այս երկրում պիտի՞ բացատրություն տա, թե քանիքանի ՏՕՍ ու Սմերչ էր կարելի գնել այս ժողովրդից ուղղակի գողացած փողերով:)

Գալով աշխարհաքաղաքական իրավիճակին, հակամարտության վերսկսման հնարավոր նպատակներին եւ դրա ծավալման համար հող դարձած պայմաններին՝ խնդիրն ավելի բարդանում է: Սակայն, ելնելով տարածաշրջանում առկա իրողություններից, Բաքվի ներքին բարդ դրությունից եւ տարրական տրամաբանությունից՝ ակնհայտ է դառնում, որ առանձին հնարավոր շահերը  գոնե այս պահին, Հարավային Կովկասում բռնկված ամենակուլ հրդեհը չէր կարող ձեռնտու լինել որեւէ գերտերության՝ թրքա-ադբեջանական եղբայրությունից բացի:

Առայժմ սա ընդունենք ապրիորի պնդում՝ տողերի ներքեւում անպատճառ փաստարկելու պայմանով, բայց հենց այս պահին էլ ամրագրենք, որ պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու նպատակով Բաքվի փորձագիտական հանրությունն ու մեդիան այս անգամ կարծես վատ են կողմնորոշվում՝ հատկապես ում մեղադրել պատահածի համար:

Հետաքրքիր է, որ նույն մարդը, կամ նույն լրատվամիջոցն ու վերլուծական կենտրոնը, երբեմն էլ նույն նյութում, մեկ անձամբ ՌԴ նախագահ Պուտինին է մեղավոր գտնում կատարվածում, մեկ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Ընդ որում, եթե առաջին դեպքում չգիտես էլ՝ որտեղից վերցված հայասիրությունը, թուրք-ադրբեջանական հարաբերություններում սեպ խրելը, Բաքվին պրոռուսական օրբիտա մտցնելու եւ ռուսներին շրջանցող թրքական Հարավային հոսքի խափանման փորձի բացատրությունն է տրվում, երկրորդ դեպքում մեղադրանքները փոքր-ինչ տարօրինակ բնույթ են կրում:

Խնդիրը դիտարկելով Արեւմուտք-Ռուսաստան հարթության մեջ՝ Բաքվի առանձին փորձագետներ ջանում են իրենց հանրությանն ու մնացածին ներշնչել, իբր՝ հակամարտությանը սկիզբ դրվեց հենց այն պահին, երբ Սիրիայում հարաբերական անդորր հաստատվեց, ռուսական օդուժը հեռացավ, եւ Սպիտակ տունը դարձյալ կանգնեց լայն իմաստով տարածաշրջանում Կրեմլի ազդեցությունն այս անգամ Ադրբեջանի՛ ձեռքով Հրվ. Կովկասում կրճատելու խնդրի առաջ:

Ի միջի այլոց, նույն տրամաբանությունն է զարգացնում նաեւ ուկրաինական փորձագետների մի մասը, մասնավորապես՝ հաճախ նաեւ ադբեջանական լրատվամիջոցներում հրապարակվող Դենիս Կազանսկին, որը պատահական չի համարում ուկրաինացիների օրինակով ԱՄՆ-ի խաղը: Մասնավորապես՝ Օբամա-Ալիեւ վերջին հանդիպումը, որի ընթացքում, չնայած մարդու իրավունքների հետ կապված առկա խնդիրներին, Օբաման Ադրբեջանին կարեւոր գործընկեր համարեց տարածաշրջանում:

Նույն հայացքով է դիտարկվում նաեւ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերիի հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում, իբր, պաշտոնական Բաքուն հարաբերությունների ջերմացման եւ առավել ազատ գործելու լուրջ ազդակներ է ստացել:

Դժվար է հասկանալ, իհարկե, թե հարաբերությունների հնարավոր ջերմացումն ինչ կապ ունի ազատորեն պատերազմ սանձազերծելու հետ, եւ՝ արդյո՞ք բոլոր թվարկված հանդիպումները նաեւ պատերազմի սանձազերծման թույլտվություն են նշանակել: Բայց փաստ է, որ եթե նույնիսկ պաշտոնական Բաքուն նման մեկնաբանություն է տվել «կարեւոր գործընկերություն» ասվածին, այժմ կագնած է ի՛ր իսկ պատասխանատվությունը գիտակցելու փաստի առաջ:

Չխոսենք արդեն այն մասին, որ այս արկածախնդրությունից անմիջապես հետո նավթի գինը նորից նվազեց՝ դրա հետեւանքով Բաքվին կանգնեցնելով նորանոր խնդիրների առաջ, մեջտեղ է եկել մեծաթիվ զոհերի առնչությամբ սեփական մայրերին բացատրություն տալու խնդիրը, որքան էլ դա սքողվի ադբեջանական մամուլում, իսկ երկրի ներսում արթնացած ազգայնականությունը, Ալիեւի հասցեին հնչող մեղադրանքներն ու պատերազմի կոչերը, չի բացառվում, Ադրբեջանին ետ մղեն իննսունականների քաոս: Իսկ թե այդ ամենից ինչ կստացվի, երբ իբրեւ առանձին խնդիր դիտարկենք  նաեւ իրենց մասին ավելի վստահ ձայնով պատմող ազգային փոքրամասնություններին, դժվար է ասել…

Հետաքրքիր է, որ կատարվածում ռուս-ամերիկյան միասնական պատասխանատվության մասին է խոսում ՌԴ իսլամական կոմիտեի քարտուղար Հեյդար Ջեմալը՝ Эхо Москвы-ի իր բլոգում:

Հայատյացությամբ հայտնի Ջեմալը բացահայտ կերպով  է իր լսարանին համոզում, թե ինչպես ժամանակին Սադամը Բուշ-ավագից փորձեց չեզոքություն կորզել Քուվեյթի հետ կապված՝ հետագայում «չարիքի առանցքի» մաս դառնալով, այդպես էլ Ալիեւը Վաշինգտոնում խանդավառվեց միամտորեն: Մինչդեռ, ըստ Ջեմալի, ԱՄՆ-ն այդ պահին ոչ թե ղարաբաղյան խնդիրը Բաքվի օգտին լուծելու ցանկություն ուներ, այլ Ռուսաստանի օգնությամբ Էրդողանի ու նրա քաղաքական իսլամի վերջը տալուն:

Էրդողանն այլեւս շատ է խանգարում ԱՄՆ-ի ծրագրերին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ահա Ռուսաստանը, բացի այն, որ այդ կերպ վրեժ կլուծի վերջին զարգացումների համար, Թուրքիան, որպես Արեւմուտք բացվող պատուհան, կփակի Չինաստանի առջեւ՝ հաղորդակցային հիմնական ճանապարհը կրկին Ռուսաստանի միջով գծելով:

Այսպիսով, Ղարաբաղը Էրդողանի համար ծուղակ դարձավ՝ գրում է Ջեմալը: Նա չի կարող չօգնել Ադրբեջանին, արդե՛ն հայտարարել է, որ կլինի Բաքվի կողքին՝ մինչեւ Ղարաբաղի ազատագրումը, բայց հիմա կդժվարանա նաեւ բացահայտ օգնել ադրբեջանցի եղբայրներին, որովհետեւ Պուտինի ՆԱՏՕ-ն՝ ՀԱՊԿ-ը, գործի կանցնի այն դեպքում, երբ բուն ՆԱՏՕ-ն մենակ կթողնի նրան:

Մինչեւ վերջ ազնիվ լինելու համար, սակայն, հարկ է նշել, որ Ջեմալն այս վերլուծությունն արել էր պատերազմական օրերին եւ ամփոփել հետեւյալ կերպ. իհարկե, լավ կլինի, եթե Ադրբեջանը, առանց Թուրքիայի օգնության, արագ եւ իր օգտին ավարտեր բլից-կրիգը, բայց ամեն ինչից երեւում է, որ օպերացիան կձգվի, ինչը բնավ Բաքվի օգտին չի ծառայի. Այդ կերպ ե՛ւ ժողովուրդը կընդվզի, ե՛ւ համաշխարհային հանրությունը նրան ծայրահեղական կդիտարկի…

Ստացվում է՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ. բլից-կրիգն ավարտվեց անհաջողությամբ, Թուրքիան, վարձկաններ ու զենք մատակարարելուց բացի՝ այլ կերպ չմիջամտեց, իսկ հրադադար հաստատվեց ընդամենը երկու օր անց:

Եւ եթե պարզ է հարցի պատասխանը, թե ով սկսեց պատերազմը, հնարավոր ինչպիսի պայմաններում (ի դեպ, երբ խոսում ենք պայմանների վերաբերյալ, պարտադիր չէ, որ հալած յուղի տեղ ընդունենք բարձրաձայնվող ամեն բան, եւ կամ՝ առկա շահերը որպես ռեալ գործողություն դիտարկենք: Շատ հնարավոր է, որ նավթադոլարների նվազման, տնտեսական դրության վատթարացման, հանրության աճող դժգոհության, ազգայնականության աճի, ազգային փոքրամասնությունների հնարավոր խժդժությունների ֆոնին Ալիեւն իսկապես էլ միայնա՛կ է գնացել կարճատեւ բլից-կրիգի արկածախնդրությանը՝ հիմար դրության մեջ դնելով նույնիսկ Թուրքիային, համոզված լինելով, որ ցանկալի արդյունքի դեպքում նրան ոչ ոք չի մեղադրի, իսկ սեփական հանրությունը միայն կողջունի պարտվածի հոգեբանությունից իրենց ազատագրած եւ գոնե մի քանի մետր հող վերանվաճած փրկարարին…) եւ ինչպիսի գործոնների աշխատեցմամբ, անպատասխան է մնում «Ով ավարտեց պատերազմը»՝ ո՛չ պակաս կարեւոր հարցը:

Մտայնություն կա, թե՝ Ռուսաստանը: Ընդ որում՝ սեփական զենքով սկսված պատերազմն արագ ավարտելու մեղքի գիտակցությամբ: Եւ ակնհայտ է, որ մեզանում էլ են այս տրամադրությունները գերիշխող դառնում:

Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ Բաքվի կիսախելագար խանին հրադադար պարտադրեցին մեր փառապանծ բանակը, մեր հայրերը, մեր եղբայրներն ու տղաները, մեր ժողովուրդը՝ վերջապես:

Կարեւոր հանգամանք, որը ՀՀ իշխանությունները հերթական անգամ կասկածի տակ դրին՝ Մոսկվա հրավիրվելով առանց պաշտոնական Ղարաբաղի՛ ներկայացուցչության եւ, ինչպես քոչարյանա-սարգսյանական կառավարման տարիներին միշտ է պատահել, համաձայնելով «ՀՀ-Ադրբեջան հակամարտություն» կոչված վտանգավոր եզրին:

Ժամանակն է, որ Ղարաբաղը, իբրեւ հակամարտության կողմ, ի վերջո մեջտեղ գա: Ժամանակն է, որ Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա եւ Բաքու՝ հաշվի առնվեն այդ փոքրիկ երկրի իրական շահերը: Վերջապես ժամանակն է, որ կատարվածից դասեր քաղենք եւ առանց կեղծ հայրենասիրական պաթոսի լծվենք գործի՝ օգտվելով այն իրավիճակից, որ առաջին անգամ միջազգային հանրությունը, թող՝ առայժմ եթերում, հավասարության նշան դրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի եւ Ադրբեջանի արտգործնախարի, Ֆրանսիայում Բաքվի դեսպանի եւ Ստեփանակերտի ներկայացուցչի միջեւ:

Ժամանակն է նաեւ վերջապես զսպել սեփական ագահությունը եւ գիտակցել, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը կամենում է հավերժ գենսեկի դերակատարմամբ ղեկավարել Հայաստանը, միեւնույն է, սեփական անհագ շրջապատի հետ միասին, նա միայն կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է:

Այսպես երկիր չեն կառավարում, այսպես բանակ չեն պահում, եւ մանավանդ՝ այսպե՛ս չեն երախտապարտ լինում զոհված զինծառայողի մորը…

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն՝ օֆշորների մասին. «Ես դա գաղտնի չեմ արել»’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Գործնականում ԼՂ հարցով բոլոր պայմանավորվածությունները սեղանին են’