‘Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)’

2365

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ ծանրամարտի կանանց Եվրոպայի 2016թ. չեմպիոն:

Նորվեգիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը երկամարտի 250 կգ (113+137) արդյունքով գրավեց առաջին տեղը: Խուրշուդյանը լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում: Երկամարտում նա մեկ կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Անաստասիա Հոտֆրիդին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 17-ամյա Արփինե Դալալյանը երկամարտի 213 կգ (93+120) արդյունքով 6-րդն էր:

Հռիփսիմե Խուրշուդյանը կրկնեց 2007-ի հաջողությունը եւ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Ծանրամարտի կանանց Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Նորվեգիայում հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հայ զինվորների հիշատակին:

«Ես նույնպես միանում եմ իմ ընկերների բարեմաղթանքներին եւ իմ 2 հաղթանակները նվիրում եմ Արցախում զոհված բոլոր մեր հայ զինվորներին ու բոլոր նրանց, ովքեր մարտնչում են: Մեր զինվորներին եմ նվիրում: Ողջունում եմ բոլորիդ»,- իր ելույթից հետո եթերում ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը (Աննա Գովելյան, 53 կգ, Իզաբելա Յայլյան, 58 կգ, Քրիստինե Պետրոսյան, 63 կգ, Նազիկ Ավդալյան, 69 կգ, Սոնա Պողոսյան, 75 կգ, Արփինե Դալալյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան, 75+ կգ, գլխավոր մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան) պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը:

Հիշեցնենք, որ Նորվեգիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին նաեւ Անդրանիկ Կարապետյանն (77 կգ) ու Նազիկ Ավդալյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) դարձել է փոխչեմպիոն, իսկ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Ապրիլի 16-ին պայքարի մեջ կմտնի նաեւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը (ժամը 19:00-ին):


Նախորդ հոդվածը‘Իրանն աֆղանցիներին ուղարկում է Սիրիա՝ մարտնչելու Բաշար Ասադի համար’
Հաջորդ հոդվածը‘Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն’