‘Մեզ Շվեյցարիայի միջնորդությունը պետք չէ՞ ‘

701

Շվեյցարիան նորից միջնորդ դառնալու մտադրություն ունի: Այս անգամ արդեն` Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ, ում հետ ՀՀ-ն օրեր առաջ խզել էր դիվանագիտական հարաբերությունները: Այժմ Շվեյցարիան, ով միջնորդության հարուստ փորձ ունի, ուզում է կարգավորել Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունները: (Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու դե յուրե Շվեյցարիայի ձախողված փորձը հաշվի չենք առնում): Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 31-ին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին հայտարարություն էր արել Երեւանում հավատարմագրված օտարերկրա դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Նման որոշման պատճառ էր դարձել Հունգարիայի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, ինչից անմիջապես հետո Սաֆարովը ներում էր ստացել Ադրբեջանում եւ հայտնվել ազատության մեջ: Մինչդեռ, ինչպես հետո մի քանի անգամ հայտարարեց Հունգարիան, Ադրբեջանը պարտավորվել էր պահպանել Սաֆարովի դատավճիռը, ով դատարպտված էր ցմահ ազատազրկման, եւ չէր կարող համաներման ենթարկվել ազատազրկման առաջին 25 տարիների ընթացքում: Ընդ որում, հունգարական կողմն, ինչպես երեւում է, ընդունել է շվեյցարական կողմի առաջարկը, իսկ ահա հայկական կողմին, կարծես թե այդ առաջարկն այնքան էլ դուր չի եկել: Համենայնդեպս, Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին արդեն հայտարարել է, որ երկուշաբթի օրը Շվեյցարիա կատարած իր այցի ընթացքում Շվեյցարացի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերն օգնություն է առաջարկել Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ կասեցված հարաբերությունները հարթելու գործում։ «Հունգարիան ընդունել է ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման պատճառով Հայաստանի հետ վեճը հարթելու հարցում Շվեյցարիայի միջնորդական առաջարկը: Շվեցարիան՝ որպես չեզոք երկիր, ավանդաբար հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, եւ Հունգարիան բոլոր հնարավոր ձեւերը պետք է օգտագործի՝ Հայաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Մարտոնին` հավելելով, թե Ադրբեջանը խախտել էր խոստումը եւ ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին։ Հունգարիայի արտգործնախարարը նաեւ նշել էր, որ ցավալի փաստը պետք է դատապարտվի: «Այժմ ամենակարեւորն այն է, որպեսզի հայերը հասկանան՝ Հունգարիան նրանց միշտ համարել է բարեկամ»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը: Բայց, ինչպես արդեն նշեցին, հայկական կողմին շվեցարական միջնորդությունն այնքան էլ չի հետաքրքրում. գոնե այս պահին: (Չնայած, քիչ հավանական է թվում, թե Հայաստանն այս քայլին դիմում է հայ-թուրքական ձախողված մերձեցման տխուր փորձը աչքի առաջ ունենալով): Գուցե հետագայում Հայաստանին Շվեյցարիայի այս առաջարկը խելամիտ թվա, սակայն, գոնե հիմա հայկական կողմը շարունակում է անհողդող մնալ իր պաշտոնական կեցվածքում: Համենայնդեպս, ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը երեկ մի շարք ԶԼՄ-ներով հայտարարել է, թե չի կարծում, որ «այստեղ միջնորդության կարիք կա» եւ որ «այստեղ անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»: Սրանով, թերեւս հայկական կողմի պաշտոնական բացատրությունները սպառվում են:  

Մինչդեռ, այս խնդրի վերաբերյալ, բազմաթիվ չպարզաբանված հարցեր կան:

-Արդյո՞ք Շվեյցարիայի միջնորդությունը հնարավոր չէ օգտագործել` այս հարցում ինչ-որ դրական տեղաշարժերի հասնելու համար: 

-Ընդհանրապես, ի՞նչ կարող է տալ այս հարցում Շվեյցարիայի միջնորդությունը: 

-Հայկական կողմը խոսում է հունգարական կողմից ակնկալվող հստակ քայլերի մասին. կոնկրետ ի՞նչ հստակ քայլեր է հայկական կողմն ակնակալում հունգարական կողմից, ի՞նչ կարող են տալ այդ քայլերը:

Մեր այս բոլոր հարցերին ԱԳՆ-ից մի պատասխան ստացանք` «առանց մեկնաբանությունների»: Այսինքն, սրանք ամենակարեւոր հարցերն են, որոնք դեռ պատասխան չունեն: Սակայն, ինչպես ասում են` «էշին նստելը մի այիբ ա, իջնելը` մի»: Եւ հիմա, երբ Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, ենթադրվում է, կամ գոնե տրամաբանորեն նշանակում է, որ հարաբերությունները վերականգնելու համար իրավիճակ պետք է փոխվի: Ուրեմն, ո՞ր հարցում պետք է Հունգարիան քայլ անի, որ իրավիճակ փոխվի: Սաֆարովի հարցում, եթե արտահանձնումը շատ քիչ, բայց հավանական էր, ապա վերջինիս վերադարձը Հունգարիա` ընդհանրապես անհավանական է համարվում: Հետեւաբար, առավելագույնը, ինչ այս հարցում կարող է անել Հունգարիան` դա Հայաստանից պաշտոնապես ներողություն խնդրելն է, եւ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը: Իհարկե, մեկ այլ տարբերակ էլ կա, որը սակայն, ֆանտաստիկայի ժանրից է. եթե Հունգարիան կասեցնի դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ: Դա կլինի Հայաստանի համար հաղթանակ: Բայց` նորից բարոյական հաղթանակների շարքից: Բայց արժե՞ր դրա համար տաք-տաք որոշումներ կայացնել, վառել բարեկամ հունգար ժողովրդի պետական խորհրդանիշ դրոշը եւ կասեցնել դիվանագիտական հարաբերությունները:  

Հ.Գ. Չի բացառվում, սակայն, որ Հունգարիան որեւէ ավել քայլ էլ չի անի: Այս պարագայում, նշանակում է` կամ Հայաստան-Հունգարիա հարաբերությունները կմնան այսպես էլ սառեցված, կամ էլ`Հայաստանը կվերականգնի այդ երկրի հետ հարաբերությունները` ամբողջությամբ զրոյացնելով հարաբերությունները կասեցնելու մասին որոշման լրջությունը:

Քրիստինե Խանումյան 

«Չորրորդ Ինքնիշխանություն»

06.09.2012

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ պետբյուջեի մուտքերը 2,7 տոկոսով գերազանցել են նախատեսվածը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը սեպտեմբերի 7-ին հրաժարական կտա’