‘
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը չի աջակցի Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ բանաձևի ընդունմանը, Interfax.az-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հաղորդել է պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
ԵԽԽՎ-ի՝ գալիք շաբաթ Ստրասբուրգում մեկնարկող ձմեռային նստաշրջանում նախատեսված է զեկույց ունկնդրել «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ» և բանաձև ընդունել, որում երկրի իշխանություններից կպահանջվի անհապաղ ազատ արձակել այդ կատեգորիայի բոլոր անձանց: «Ադրբեջանական կողմը չի ընդունում այդ պահանջի իրավաչափությունը, քանի որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսին ազատ է արձակվել 14 հոգի»,- պարզաբանել է Պուշկովը: Նա անհիմն է համարում ԵԽԽՎ բանաձևի նախագծում արտացոլված այն պնդումը, թե ներկա պահին Ադրբեջանում պատիժ են կրում 107 «այսպես կոչված՝ «մոռացված» քաղբանտարկյալներ», որոնք դատապարտվել են շատ տարիներ առաջ: Պուշկովի կարծիքով՝ ադրբեջանական կողմն արդեն ներկայացրել է բոլոր ապացուցներն այն մասին, որ այդ անձինք չեն կարող քաղաքական բանտարկյալներ համարվել: «Մեր պատվիրակությունը կողմ չի քվեարկի այդ բանաձևի ընդունմանը»,- շեշտել է Պուշկովը:
‘