‘Գուրգեն Եղիազարյան. Քաղաքականության մեջ ամենամեծ առաքելությունը ճիշտ պահին պաուզա պահելու կարողությունն է ‘

1653

ասում է  ՍԴՀԿ անդամ, Ազգային Անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը

-Որպես Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ինչպե՞ս կմեկնաբանեք Կոնգրեսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

-Հայ ազգային կոնգրեսի դեմ հինգ տարի շարունակ կիրառել են պետական ողջ ապարատի կարողությունը. տարաբնույթ բռնություններ ու ճնշումներ են գործադրել՝ օգտագործելով ոստիկանության, անվտանգության, բանակի ռեսուրսը: Ահա այդպես մի ամբողջ պետական մեքենա փորձեց հինգ տարի շարունակ պայքարել Կոնգրեսի դեմ: Կարելի է ասել՝ ինչ-որ չնչին հաջողության հասան՝փոքր մասեր պոկելով Կոնգրեսից: Բայց նման պայմաններում մենք հինգ տարվա պատերազմից դուրս եկանք շահեկան:

Բայց հիմա Կոնգրեսին քննադատում են ոչ թե իշխանությունները, կամ Կոնգրեսից հեռացածները, այլ՝ հենց Կոնգրեսի կազմում մնացած անդամները:

-Առողջ քննադատությունը միայն կարող եմ ողջունել, իսկ ցանկացած բամբասանք կհամեմատեմ թշնամու կողմից նետված ականի պայթյունի հետ:

-Ձեր կարծիքով՝ Կոնգրեսն այսօր ունի՞ նույն ուժը, ինչ՝ 2008-ին, կամ 2011-ին:

— Հայ Ազգային Կոնգրեսի ուժն ու ներքին էներգետիկան ժողովուրդն է: Մենք մշտապես սնվում ենք ժողովրդի էներգետիկայով: Թող անցնի փետրվարի 18-ին նշանակված այդ միջոցառումը: Մենք չենք խանգարի այս ամենին: Բայց եթե այս ամենից հետո էլ տեսնենք, որ արտագաղթը շարունակվում է, եթե 1 մլն 270 հազար աղքատների թիվը կրկին չկրճատվեց առաջին իսկ ամիսների ընթացքում, ապա մենք ավելի մեծ թափով, ավելի մեծ համախմբմամբ դուրս կգանք իշխանությունների դեմ:

-Կարծո՞ւմ եք՝ Կոնգրեսը կկարողանա՞ նույն ուժով իշախանությունների դեմ դուրս գալ, ինչ նախկինում:

— Միանշանակ, որովհետեւ, ցավոք սրտի ես չեմ հավատում, որ նրանք թալանից հեռու կմնան, եւ լրջագույնս կզբաղվեն 1 մլն 270  հազար աղքատով: Ես կարծում եմ՝ փոփոխություններ չեն լինի, դեռ ավելին՝ առաջիկայում կսաստկանա արտագաղթը: Արդյունքում՝ մենք փողոց դուրս կգանք՝ ժողովրդին կոչ անելով հետեւել մեզ իշխանություններին տապալելու համար:

-Ավելի լավ չէ՞ր լինի արդյոք, եթե նախագահական ընտրություններին մասնակցելով իշխանափոխություն կատարեիք:

— ՀՀ-ում ընտրություն չկա, եւ լինել չի կարող: Չեք կարող ասել մի բռնապետություն, որտեղ բռնապետը որպես կանոն ռազմական տեխնիկա ու այլ միջոցներ չօգտագործի իր վերարտադրման համար:

-Այսինքն՝ սա Կոնգրեսի կողմից ժամանակավոր նահա՞նջ է:

-Ես նահանջ չէի անվանի: Պարզապես, քաղաքականության մեջ ամենամեծ առաքելությունը ճիշտ պահին պաուզա, դադար պահելու կարողությունն է: Համարեք, որ Կոնգրեսը պարզապես պաուզա է վերցրել:

-Ի դեպ, այս նախագահական ընտրությունները դիտարկելու համար Հայաստան եկած եվրոպական դիտորդները վերջերս շատ խիստ կարծիք ներկայացրին նախընտրական շրջանի վերաբերյալ: Պատահակա՞ն էր արդյոք սա:

— Ես ողջունում եմ այն պանծալի շվեդուհուն, որը Ջոն Պրեսկոտից հետո, իհարկե, Hommo Sapiens էր: Բայց չեմ կարծում, որ ժողովրդասեր այդ տիկնոջը թողնեն հաջորդ անգամ էլ իր մտքերն արտահայտի: Արեւմուտքը Հայաստանից սպասելիքներ ունի: Եթե Սերժ Սարգսյանը վերջնականապես ոչ ասի Եվրասիական միությանը, ապա հավատացնում եմ Ձեզ, որ նման ազատ մտքեր այլեւս ոչ մեկը չի արտահայտի ու իշխանությունների ցանկացած կեղծիք նրանք կընդունեն մեծ քայլ դեպի ժողովրդավարություն: ՀՀ-ն նման է դեռեւս իր հրապույրը չկորցրած կուրտիզանուհու, որից գերտերությունները որոշակի պահանջներ ունեն, եւ այս առումով ժողովրդավարություն ասվածը կապ չունի:

Արման Գալոյան

 

 

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է «Եվրատեսիլ 2013»-ի պաշտոնական տարբերանշանը’
Հաջորդ հոդվածը‘«Վալեքսը», որ բռնաբարում եւ լլկում է Հայաստանի բնությունն ու ընդերքը, փորձում է հանդես գալ որպես Նժդեհի մասին ֆիլմի նախաձեռնող’