‘
Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում կա դրական շարժ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ մարտահրավերների շրջան է լինելու:
«Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ակտիվ, ուժեղ ու դինամիկ է: Ի տարբերություն անցյալի՝ հիմնված չէ ուրիշների սխալների վրա: Հայաստանը, միևնույն ժամանակ, շատ ավելի կայուն է, քան իր հարևանները, բայց հետաքրքրականն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ուժեղացնելու համար ներքին քաղաքականությունից կախվածությունը մեծ է»,- ասաց Կիրակոսյանը:
Նրա համոզմամբ՝ անկախ նրանից, թե ով նախագահ կընտրվի, միևնույն մարտահրավերները կմնան, և ամենամեծ սպառնալիքը կլինի ներսից: Այդ մարտահրավերը, քաղաքագետի խոսքով, օլիգարխիայի վրա հիմնված համակարգի հաղթահարումն է:
«Այս տեսանկյունից ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը Թուրքիայից ու Ադրբեջանից չի գալիս: Ամենամեծ մարտահրավերը ներսից է: Անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ՝ առաջնայնությունը կմնա օլիգարխական համակարգի խարխլումը»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:
‘