‘
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է հայտնի դերասան Ժերար Դեպարդյեի օրինակին հետևելով՝ փախչել երկրում մեծահարուստների համար սահմանված 75% հարկից: Ի տարբերություն դերասանի, սակայն, Սարկոզին կայունություն ու բարօրություն է փնտրում ոչ թե Ռուսաստանում, այլ Մեծ Բրիտանիայում, գրում է Daily Mail-ը:
Նախագահի պաշտոնը նախորդ տարվա հունիսին թողած Սարկոզին պատրաստվում է իր կարողությունը տեղափոխել Լոնդոն, որտեղ այն այնքան բարձր չի հարկվի, որքան` հայրենիքում: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ` պետության նախկին ղեկավարը պատրաստվում էր լքել Ֆրանսիան դեռևս ամռանը. դրա մասին են վկայում քաղաքական գործչի նստավայրում ոստիկանության հայտնաբերած փաստաթղթերը:
Նախօրեին բրիտանական Evening Standard-ը գրել է, թե Սարկոզին Լոնդոնում մտադիր է բացել ներդրումային ընկերություն, որի համար նախատեսում է ծախսել 1,3 մլրդ դոլար: Սակայն ֆրանսիական մամուլը հերքում է ներդրումային ընկերություն ստեղծելու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ հայրենիքում Նիկոլա Սարկոզին մեղադրվում է կոռուպցիայի, ինչպես նաև L\’Oreal ընկերության ղեկավար Լիլիան Բետանկուրից ապօրինի հովանավորչական օգնություն ստանալու մեջ:
Մեծ Բրիտանիա տեղափոխվելու մասին որոշումը Սարկոզին ու նրա կինը կարող են կայացնել միայն քննչական գործողությունների ավարտից հետո:
‘