‘
Ուկրաինայի ԱԳՆ-ի կարծիքով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որը կազմակերպություն վերադառնալու ճանապարհ է բացում ռուսաստանյան պատվիրակության առջև, «անթույլատրելի զիջում է Ռուսաստանին»:
Այդ մասին ասվում է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԱԳՆ պաշտոնական կայքում:
«ԵԽԽՎ պատժիչ մեխանիզմի էական մեղմացումը, ինչը նախատեսում է այս բանաձևը, տեղի է ունեցել ՌԴ կողմից որևէ կառուցողական քայլի բացակայության, ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ բանաձևերի ակնհայտ չկատարման պայմաններում, որոնք ընդունվել են ի պատասխան ռուսաստանյան ագրեսիայի»,- ասվում է հայտարարության մեջ:
ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը, Կիևի կարծիքով՝ «Մոսկվայի կողմից աննախադեպ ճնշումների ու ֆինանսական շանտաժի արդյունքում Եվրոպայի խորհրդի հրապարակած չափորոշիչներից, սկզբունքներից և արժեքներից հեռանալու վկայությունն է»: «Ցավոք՝ դա տեղի է ունեցել մի շարք երկրների բացահայտ թողտվության հետևանքով, որոնց ղեկավարները, մի կողմից՝ ընդգծում են Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ խրախուսում են ագրեսորին՝ զիջումներ անելով նրան»,- նշել են ԱԳՆ-ում:
Փոխանցում է tass.ru-ն:
‘