Ա Սերիայի ակումբները սկսել են քննարկել Իտալիայի առաջնության բարեփոխումների նախագիծը, որը ենթադրում է ակումբների քանակը 20-ից կրճատել 18-ի: Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն:
Քննարկման դրված նախագիծը նոր չէ. այն ներկայացրել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Կառլո Տավեկկյոն: Ֆեդերացիայի ներկայից նախագահ Գաբրիելե Գրավինան առաջարկել է կրկին դիտարկել նախագիծը անգլիական Deloitte խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ:
Գրավինան նաև առաջարկել է փլեյ-օֆֆ՝ սկուդետտոն հաղթողին ու B Սերիա տեղափոխվող ակումբներին որոշելու համար:
Բարեփոխման շուրջ առաջին զրույցները ցույց են տվել, որ թոփ-ակումբները դրական են վերաբերվում Ա Սերիայում թիմերի կրճատմանը, քանի որ մեծ գումար կստանան հեռուստատեսային իրավունքներից: