‘
Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքները չի կարելի բավարար համարել, այսօր լրագրողներին հաղորդել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հաղորդում է Trend-ը: Ըստ Ազիմովի՝ այդ հանդիպման արդյունքները որևէ կերպ չեն տարբերվում նախորդ հանդիպումների արդյունքներից և չեն բավարարում պաշտոնական Բաքվին: Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը ընդգծել է բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբին նոր նախաձեռնություններ ներկայացնելու կարևորությունը: «Ադրբեջանը հանդես է եկել նման նախաձեռնությամբ, սակայն, ցավոք, Հայաստանը դրականորեն չի արձագանքում դրան և շարունակում է իր ավանդական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս տարի Հայաստանում նախագահական ընտրություններ են անցկացվելու, և հնարավոր է՝ դրանից հետո ինչ-որ բան փոխվի: Մենք պետք է համագործակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ»,- ասել է Ազիմովը:
‘