‘
Հասմիկ Պողոսյանը Գվատեմալայի հետ բարեկամանալու հարցը կներկայացնի ՀՀ վարչապետին:
Ինչպես հայտնում է aravot.am-ը, Հայաստանի և Գվատեմալայի թանգարանների, գրադարանների և արխիվների միջև տեղեկատվություն կփոխանակվի, կողմերը կկազմակերպեն երկկողմ սեմինարներ և սիմպոզիումներ: Այս երկու երկրների անհատ կատարողների, թատերական, գեղարվեստական և ժողովրդական խմբերի, ցուցահանդեսների փոխանակումներ նույնպես կլինեն: Այս մասին կառավարությանը տեղեկացնում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Գվատեմալայի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը երկու երկրների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում է լինելու: Կառավարության վաղվա նիստի օրակարգում կքննարկվի նաև այս հարցը, որին արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանություն է տվել:
Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ մասնավորապես` կինոյի ոլորտում` Հայաստանն ու Գվատեմալան կմասնակցեն միջազգային կինոփառատոներին` եթե դրանք կազմակերպվեն կամ Հայաստանում, կամ Գվատեմալայում: Համաձայնագրով նաև նախատեսվում է երկու պետությունների արվեստագետների փոխայցելություններ և հանդիպումներ, ինչպես նաև մասնագետների և փորձի փոխանակումներ` կրթության ոլորտում:
‘