Լիզա Ճաղարյան. Թե ինչ է պատահում, երբ «հաղթում են» տխմարները

1278

Զարմանալի բան չկա, որ Նիկոլ Փաշինյանի մանկլավիկները` քոչարյանականների ու սերժականների հետ թեւ–թեւի, 44–օրյա պատերազմի «հաղթանակից» հետո (երեւի արդեն բոլորիդ հայտնի է, որ, ըստ «գերագույնի» եւ «գերագույնանմանների»` մենք չենք պարտվել), մեր այս «հաղթանակի» պատճառներին ո՛ր կողմից մոտենում են, պարզվում է` մեղավորը Լեւոն Տեր–Պետրոսյանն է։

Չխորանանք, թե ինչպես է հնարավոր «հաղթանակի» մեղավորներ փնտրել. եթե չենք պարտվել, ուրեմն` պետք է միմիայն հերոսներ փնտրել, առնվազն հոգեխանգարման նշան է «հաղթելուց» հետո մեղավորներ փնտրելը։

Բայց արդեն կարծես որոշեցինք չխորանալ, թե չէ կխրվենք անհեթեթությունների ու զառանցանքների ճահճի մեջ, հատկապես որ` 90–ականներին առանց չակերտների էինք հաղթել, եւ դժվար թե մոռացած լինեք, որ այն ժամանակ էլ էր Լեւոն Տեր–Պետրոսյանը «մեղավոր»։ Որ հաղթել ենք։

Պարզապես արձանագրենք (հո միայն «գերագույնին» չի վերապահված արձանագրելը), որ ինչքան էլ իրենց ընդդիմադիր հռչակած նախկինները հայհոյեն ներկա իշխանություններին, իշխանություններն էլ «հալածեն» սրանց, երկու կողմն էլ դուրս է եկել նույն շապիկի միջից, երկու կողմն էլ միմյանց աջակցության կարիքն ունի, երկու կողմն էլ գիտակցում է, որ այս «հաղթանակի» հանցագործներն իրենք են` հավասարապես, ու նման դեպքերում ինքնապաշտպանության բնազդը հուշում է` միասնական ուժերով պետք է հարվածել նրան, ում գոյությունը, արտաբերած յուրաքանչյուր միտքն ի ցույց է դնում իրենց սնամեջությունը, մտքի սնանկությունը, տարրական հաշվարկ անելու անկարողությունը, տխմար, անհիմն պոռոտախոսությունը, որոնց հանրագումարն էլ հենց այն «հաղթանակն» էր, որ հիմա «վայելում են» Արցախում ու Հայաստանում։

Հույս կա՞, որ սրանք կսթափվեն։ Հույս կա՞, որ իշխանությունն ու թալանը չկորցնելու մոլուցքը երկրորդական կդառնա` հանուն պետության, որը ձեռք ենք բերել մեր եղունգներն արյունոտելով։ Հույս կա՞, որ մի օր կասեն` սխալվել ենք, սարսափելի ծանր գին ենք վճարել մեր սխալների համար, բայց ահա՛ ուշքի ենք եկել եւ ուզում ենք փրկել ու պահպանել եղածը։

Չէ՛, չկա։

Որովհետեւ «սխալվել ենք» ասելուց առաջ ստիպված պետք է լինեն խոստովանել, թե ո՛վ էր, որ չէր սխալվել։

Չեն ասի։

Նույնիսկ Հայաստանի ինքնիշխանության կորստի գնով` չեն խոստովանի։

Կշարունակեն իրենց մանկլավիկներին կերակրել, դե սրանք էլ կշտությունից զկռտալով հերթական մեղադրանք–տխմարությամբ օդը կկեղտոտեն, կշարունակեն հանրությանը խաբել, թե բա` Հայաստանում հրապարակներում պայքարող «ընդդիմություն» կա, ու տարիներ շարունակ կեղծիքներով սնվող հանրության գլխում այդպես էլ չի ծագում էն միակ հարցը, որն ամեն ինչ տեղը կդներ. «Իբր ինչո՞ւ եք իրար կոկորդ կրծում, ախր «ընդդիմություն» կոչեցյալն էլ, իշխանություն կոչեցյալն էլ, ձեր դուստր–ձեռնարկություններն էլ, ձեր լղրճուկ մանկլավիկներն էլ` բոլո՛րդ մի սանրի կտավ եք, բոլո՛րդ ստախոս եք, բոլո՛րդ երկրի զավակների արյան ծարավի եք, չեք կշտանում ու չեք էլ կշտանալու»։

Նախորդ հոդվածըՎանո Սիրադեղյանի 75-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագիր
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Փաշինյանական ոչմիթիզական քարոզչամեքենան. Մաս 1