ԻՊ-ի նախկին գրոհայինը ցմահ ազատազրկվել է եզդի աղջկա սպանության համար

534

Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին գրոհային, իրաքցի Թահու ալ-Ջումաիլիին՝ Իրաքի հյուսիսում բնակվող էթնիկ փոքրամասնության՝ եզդիների ցեղասպանության գործով։

Ֆրանկֆուրտում կայացած դատը նման կարգի առաջին դատավարությունն էր, իսկ ալ-Ջումաիլին էլ՝ ԻՊ-ի առաջին անդամը, որը դատապարտվել է եզդիների դեմ հանցագործության համար։ Նա դատապարտվել է հնգամյա եզդի-աղջնակի սպանության համար, որին գնել էր և ստրկացրել 2015 թ․․, որոշ ժամանակ շղթայակապ էր պահել, ապա թողել էր, որ մեռնի ծարավից։

Մյուս մեղադրանքների շարքում են՝ ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ, գենոցիդ և մարդկանց առևտուր։

Մեղադրանքը կարդալու ժամանակ ամբաստանյալն ուշաթափվել է։

Ալ-Ջումաիլին 29 տարեկան է։ Դատարանի նյութերից պարզ է դառնում, որ նա ԻՊ-ի շարքերն է ընդունվել 2013 թ․։ 2015 թ․ նա եղել է այն ջոկատների կազմում, որոնք զավթել են Իրաքի հյուսիսային տարածքները, որտեղ պատմականորեն եզդի էթնիկ փոքրամասնություն է բնակվում։ Հազարավոր տղամարդ եզդիներ սպանվել են, շատ մահապատիժներ տեսագրվել են։ Կանայք և երեխաները գերի են տարվել և պարբերաբար ենթարկվել սեռական բռնությունների և ստրկական աշխատանքի։ Մինչև 2014 թ․ Իրաքում բնակվող 550 հազար եզդիներից մտավորապես 360 հազարը լքել է երկիրը և փախստական դարձել։ Ջիհադականների զոհ են դարձել այդ ազգության հազարավոր ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ն այդ իրադարձությունները ճանաչել է ցեղասպանություն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանական ԶԼՄ-ները ԱԳՆ նոր նախարարին համեմատել են Մարգարեթ Թեթչերի հետ
Հաջորդ հոդվածըՀնդկաստանը շնոհավորել է Twitter-ի նոր ղեկավար Պարագ Ագրավալին