Դիվանագետը «Քի Ուեսթ»-ով պետք է ոչ թե հպարտանա, այլ՝ ամաչի, պարոն Օսկանյան

5684

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նորից հոդված է հեղինակել։ Ու էլի դիվանագետին անհարիր մանիպուլյացիաներ է արել։ Բայց պարզ մանիպուլյացիաները` դեռ մի կողմ։ Ինչպես ասում են` քանի որ բանակցային փաստաթղթերին տեղյակ մարդկանց թիվը մեծ չէ (դա էլ` իրենց ջանքերով, ի դեպ), Վարդան Օսկանյանը իրեն թույլ է տալիս փաստերը ներկայացնել ըստ սեփական հայեցողության եւ նախասիրությունների։ Բայց այս անգամ պարոն Օսկանյանը մանիպուլյացիների այնպիսի մի չափաբաժնով է հանդես եկել, որ սա արդեն պարզ ստախոսություն է հիշեցնում։

Հոդվածի առաջաբանն ու վերջաբանը մի կողմ թողնենք, ընթերցողը կարող է ինքը կարդալ ու եզրահանգումներ անել. անդրադառնանք պարոն Օսկանյանի կողմից հոդվածում նշվող մի աղաղակող պնդման։

Իր պատումը Վարդան Օսկանյանը սկսում է 97-98 թվականներից եւ գրում․ «․․․հաշվի առնելով այդ օրերի աշխարհի հեղհեղուկ իրավիճակը՝ շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը եւ տեղի ունեցավ։ Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի եւ Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, եւ երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»։

Հիմա՝ հերթով։

Ընդհանուր պետություն

Վարդան Օսկանյանը` մարդ, որը երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԱԳՆ-ն, մարդ, որը Հայաստանի անունից տարիներ շարունակ բանակցություններ է վարել, մեզ ասում է, որ ԸՊ տարբերակով Արցախը լինելու էր Ադրբեջանի կազմից դուրս։ Ինչպես ասում են՝ ահա եւ վերջ։ Եթե կարճ՝ ապա սա միակ տարբերակն էր, որով ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքներն էին վերադարձվում Ադրբեջանին, ինչպես որ նախորդ եւ հաջորդ թղթերով, այլեւ՝ ամբողջ ԼՂԻՄ-ն էլ հետը։ Հիմա քչերը կհիշեն պարոն Օսկանյանի «անկախությունից վար.․․» արտահայտությունը, սակայն դա առանցքային է այս համատեքստում․ Վարդան Օսկանյանի հոդվածի բառախաղի իմաստն է այնտեղ թաքնված, այն է՝ անտեղյակների մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք Արցախին անկախություն էին բերում (դե անտեղյակ մարդն, իհարկե, այդպես կկարծի, քանի որ կմտածի՝ եթե Արցախը Ադրբեջանի կազմից դուրս էր լինելու, ուրեմն՝ անկախ էր լինելու, բա էլ ի՞նչ), իսկ գիտակ մարդկանց մոտ հետքայլի տեղ է փորձում պահել, որ ուղիղ հարցադրման ժամանակ ասի, թե նկատի է ունեցել իր հայտնի «անկախությունից վար․․․» տարբերակը

Այսպիսով, մինչեւ բուն փաստաթղթին անդրադառնալն արձանագրենք, որ ԸՊ տարբերակով Արցախն անկախ չէր լինելու, ու տողատակերում Վարդան Օսկանյանը ինքը դա այնքան էլ չի պնդում։ Այլ հարց է, որ իրենք ժամանակին քարոզում էին, թե դա պետք է լիներ երկու՝ հորիզոնական եւ ոչ ուղղահայաց կապերով ձեւավորված պետություն։ Ինքը՝ Օսկանյանը, 2012 թվականին այս տարբերակի մասին գրել էր․

«Հայաստանն ու Ղարաբաղը նոր էին պատրաստվում կարծիք հայտնել փաստաթղթի առնչությամբ, երբ Ադրբեջանն այնպես հապճեպ ու կտրուկ մերժեց այն, որ արդեն անիմաստ էր ինչ-որ բան ասել: Իհարկե, «ընդհանուր պետության» վերաբերյալ փաստաթուղթը ընդունելի չէր նաեւ հայկական կողմի համար՝ չնայած, որ դրանում փորձ էր արվում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ զուտ հորիզոնական կապեր հաստատել, դրա մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից: Սակայն, մեծ հաշվով, դա եւս մեկ կարեւորագույն քայլ էր․․․»։

Խնդրում ենք մտապահել «Ընդհանուր պետություն» տարբերակի մասին պարոն Օսկանյանի «Հայաստանն ու Ղարաբաղը նոր էին պատրաստվում կարծիք հայտնել» միտքը, մենք դրան դեռ կանդրադառնանք, երբ հաջորդիվ քննարկենք Արցախը բանակցություններից դուրս թողնելը։

Այժմ փաստենք, որ 2012-ին Վարդան Օսկանյանն ավելի պերճախոս էր, եւ այն ժամանակ դեռ նշում էր, որ «մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից»: Իսկ հիմա, փաստորեն, նա դրա մասին թերեւս մոռացել է կամ գուցե կարծում է, որ մենք ենք մոռացել իր գրածը։ Ինչեւէ։ Փաստենք, որ ԸՊ տարբերակը Արցախի անկախություն չէր ենթադրում, նույնիսկ երկու պետական միավորումների՝ մեկ պետական կազմավորում չէր ենթադրում։

Իսկ թե ինչ էր ենթադրում, դրա մասին լավագույնս կխոսի հենց փաստաթուղթը։ Փաստաթղթից հատվածները՝ ստորեւ․

-«Լեռնային Ղարաբաղը Հանրապետության տեսքով պետական եւ տարածքային կազմավորում է եւ ընդհանուր պետություն է ձեւավորում Ադրբեջանի հետ՝ վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Կարծում ենք՝ այս նախադասությունը բացատրելու կարիք անգամ չկա։

-«Լեռնային Ղարաբաղը առեւտրատնտեսական, գիտական, մշակութային, մարզական եւ հումանիտար ոլորտներում արտասահմանյան պետությունների եւ այդ ոլորտներին առնչվող տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ ուղիղ արտաքին շփումների իրավունք կունենա՝ արտասահմանում համապատասխան ներկայացուցչությունների միջոցով»։

Բացատրենք. Արցախը ինքնուրույն քաղաքական, արտաքին քաղաքական շփումներ ՉՊԵՏՔ է ունենար, միայն՝ հումանիտար, մշակութային, գիտական, մարզական։ Այդպիսի շփումներ կարող են ունենալ, ասենք՝ ՌԴ սուբյեկտ հանդիսացող պետությունները, որոնք անկախ չեն։ Այսինքն, Չեչնիային կամ Թաթարստանին հավասարազոր լիազորություններ էին նախատեսված։

-«Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրականացմանը՝ այն հարցերում, որոնք առնչվում են իր շահերին: Այդպիսի հարցերով որոշումները չեն կարող կայացվել առանց երկու կողմերի համաձայնության»:

Այստեղ էլ ամեն բան ավելի քան հստակ է, երկիրը Ադրբեջանն է, արտաքին քաղաքականությունն էլ ինքն է որոշում եւ վարում, միայն Արցախին առնչվող հարցերը պետք է քննարկվեն Արցախի ղեկավարության հետ։ Մնացած հարցերում Ադրբեջանն է որոշում, թե իր երկիրը ինչ արտաքին քաղաքականություն է վարում։

-«Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կարող է ներկայացուցիչներ ունենալ Ադրբեջանի դեսպանատներում եւ հյուպատոսություններում արտասահմանյան այն երկրներում, որտեղ ունի հատուկ շահեր, ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակությունների կազմ գործուղել իր փորձագետներին՝ միջազգային բանակցություններին մասնակցելու համար, եթե դրանք առնչվում են Լեռնային Ղարաբաղի շահերին»:

Ու էլի` նույնը. Արցախը ինքն իր շահերը չի կարող սպասարկել, միայն Ադրբեջանի միջոցով, այն էլ՝ ոչ ամենուր։

-«Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները որպես անձը հաստատող փաստաթուղթ ունենալու են Ադրբեջանի անձնագիր՝ «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշմամբ»: 

Այստեղ էլ առանձնապես բացատրելու բան չկա։

-«Հայերենը հիմնական պաշտոնական լեզուն է Լեռնային Ղարաբաղում, իսկ երկրորդ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է»:

Էլի՝ ամեն ինչ շատ պարզ ու հստակ է։  

-«Լեռնային Ղարաբաղը կունենա ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կձեւավորվեն կամավորության սկզբունքով: Այդ ուժերը չեն կարող գործել Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ առանց Ադրբեջանի համաձայնության: Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնության»:

Սա միակ կետն է, որը Վարդան Օսկանյանը կարող է որպես դրական նշել` ասելով, թե` այո, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էր մնալու, աշխարհի հետ չէր շփվելու, միայն կամավոր ուժերով պիտի գվարդիա ձեւավորեր, ադրբեջաներենը երկրորդ պաշտոնական լեզու էր լինելու, բայց ահա, փոխարենը, գրել էին տվել, որ Ադրբեջանի բանակը չի կարող մտնել նախկին ԼՂԻՄ-ի տարածք, այսինքն` մարդկանց կոտորվելուց փրկելու տող էինք ներառել։

Քի Ուեսթ

Պարոն Օսկանյանն ասում է, որ Մինսկի խումբը սեղանին դրեց առաջարկներ, այդ թվում` նշելով այս տարբերակը. այնինչ հայտնի փաստ է, որ այդ տարբերակը եղել է միայն ամերիկյան նախաձեռնություն եւ ոչ թե Մինսկի խմբի երեք համանախագահների առաջարկ։ Ինչեւէ։

Տարիներ առաջ, երբ դեռ նոր էի սկսել լուսաբանել ԼՂ հակամարտությունը, նախկին իշխանությունների մի կողմնակից մի հարց հնչեցրեց․ այն է՝ եթե Քիուեսթյան տարբերակը իրապես մեզ ձեռնտու չէր եւ իրապես ձեռնտու էր Ադրբեջանին, ապա ինչո՞ւ հենց ինքն էլ ի վերջո մերժեց դա։ Իր այդ հարցը նա բերում էր որպես փաստարկ՝ հիմնավորելու համար, թե որքան լավն էր մեր դիվանագիտությունը եւ ինչ առաջընթաց էր արձանագրել՝ ի համեմատություն 97-ի փուլային տարբերակի։

Ի դեպ, եթե հիշում եք՝ Արմեն Ռուստամյանը 2003-ին ասում էր․ «Քիուեսթյան տարբերակը մեզ համար ընդունելի էր այնքանով, որ Ադրբեջանն այն մերժել է: Թե որքանով դա ընդունելի է ժողովրդի համար, սա այլ խնդիր է, եւ պետք է լուծել, ասենք, հանրաքվեի միջոցով»։

Խոստովանեմ, որ հենց այդ ժամանակ էլ ինձ մոտ ծագեց այդ հարցը՝ ինչո՞ւ Ադրբեջանը մերժեց այդ տարբերակը։ Որովհետեւ տեքստը հայանպա՞ստ էր։ Քոչարյանական քարոզչությունն այդպես է պնդում, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, իր գրքում գրել էր, թե հայր Ալիեւը հակված էր համաձայնության, բայց դրան խոչընդոտեց նրա որդի Իլհամը։ Այդ պնդումներն արժանահավատ չեն թվում եւ ավելի շատ նման են ինքնագովասանքի, հատկապես, որ տրամաբանությունն ու փաստերն ավելի լուրջ պատճառներ են հուշում։

Այստեղ մի փոքր հետքայլ անենք։

Պաշտոնապես՝ իշխանությունների հաստատած առաջարկները հետեւյալն են եղել․

1. 1997՝ Փաթեթային – Մինսկի խումբը ներկայացրել  է ՀՀ-ին, Արցախին, Ադրբեջանին, մերժել են ՀՀ–ն եւ Արցախը։

2. 1997՝ Փուլային – Մինսկի խումբը ներկայացրել է ՀՀ-ին, Արցախին, Ադրբեջանին, մերժել է Արցախը, ՀՀ-ն համաձայնել էր։

3. 1998՝ Ընդհանուր պետություն – ներկայացրել է Մինսկի խումբը երեք կողմերին, մերժել է Ադրբեջանը։

4. 2001՝ Քի Ուեսթի տարբերակ – ամերիկյան միջնորդությամբ պլան, որը ներկայացվել է միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, եւ վերջին պահին Ադրբեջանը մերժել է։

5. 2007՝ Մադրիդյան սկզբունքներ – Մինսկի խումբը ներկայացրել է միայն Հայաստանին ու Ադրբեջանին, որոնք քննարկելի են համարել։

2010 թվականին Կազանում՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեւավորված փաստաթուղթը Մինսկի խումբը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությանը, եւ վերջին պահին Ադրբեջանը, ըստ ՀՀ իշխանությունների, տասնյակ նոր պահանջներ է առաջ քաշել՝ վիժեցնելով համաձայնությունը։

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանին եւ Ադրբեջանին նորից Մինսկի խումբը ներկայացրել է կարգավորման պլան, որն ընդունված է անվանել Լավրովյան։ ՀՀ–ի այն ժամանակվա իշխանություններն այդպես էլ պաշտոնապես չեն հայտարարում՝ մերժե՞լ են, թե՞ ընդունել են այդ պլանը։

2019-ին Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացրել են առաջարկներ։ Այդ առաջակները ՀՀ–ի այսօրվա իշխանությունները չեն գաղտնազերծել։

Այս երկար հիշատակումն արեցինք մեկ պատճառով. որ առանձնացնենք տարբեր ժամանակների ՀՀ իշխանությունների հաստատած կամ չհերքած կարգավորման պլանները։ Ահա սրանց արանքում կա եւս մեկը, որի առկայության մասին բազմաթիվ պնդումներ են եղել, բայց այդ ժամանակվա ՀՀ իշխանություններն ուղղակի հերքել են դրա գոյությունը․ խոսքը Մեղրիի տարբերակի մասին է։ Չնայած անգամ մամուլում հրապարակված ամբողջական փաստաթղթին՝ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա շրջապատը պնդում են, թե Մեղրիի տարբերակ, այն է՝ Մեղրիի փոխանակումը Լաչինի շրջանի եւ նախկին ԼՂԻՄ-ի շրջանի հետ, չի եղել, եւ որ ԸՊ տարբերակին հաջորդել է Քի Ուեսթը, որտեղ խոսքը վերաբերել է էստակադաներով ճանապարհային միջանցքներին։

Բայց եկեք համարենք, որ նրանք ճիշտ են կամ որ` առաջարկ եղել է, բայց մերժվել է։ Միայն մեկ դետալ այս իրողությունից վերցնենք եւ գնանք առաջ։

2016 թ. Խաղաղության միջագային ինստիտուտը հրապարակել է Ֆիլիպ Ռեմլերի «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012 թթ.» (Chained to the Caucasus: Peacemaking in Karabakh 1987-2012) աշխատությունը: Ֆիլիպ Ռեմլերը պաշտոնաթող ամերիկյան դիվանագետ է, որը Պետդեպարտամենտում երկարատև աշխատանքի տարիներին դիվանագիտական ծառայության է եղել ԵԱՀԿ-ում, Մոսկվայում, Անկարայում, Բաքվում, Գրոզնիում, Թբիլիսիում, Քիշնևում և այլ մայրաքաղաքներում ու տարածաշրջաններում: Ռեմլերը նաև գործուն մասնակցություն է ունեցել Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ դիվանագիտական գործունեության մեջ:

Գրքում Ռեմլերը ներկայացնում է ղարաբաղյան կարգավորման պատմությունը, առանցքային պահերը եւ այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք հաճախ մնացել են հանրության տեսադաշտից դուրս: Ահա թե ինչ է նա գրում Քոչարյան-հայր Ալիեւ հանդիպոմների մասին․

«․․․Երկրորդ անգամ նրանք հանդիպեցին 1999 թ. ապրիլի 26-ին, Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի 50–ամյակի միջոցառումների շրջանակում: Բացի այն, որ երկու պետություններից և ոչ մեկը մտադրություն չուներ ՆԱՏՕ-ին անդամակցելու, անհարմար էր նաև հանդիպման օրը: Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Դրան գումարած, Ալիևի առաղջական վիճակը բարվոք չէր, և նա Վաշինգտոնից մեկնելու էր Քլիվլենդ` սրտի վիրահատության, ինչը և տեղի ունեցավ երեք օր անց: Այդուհանդերձ, այդ հանդիպումը խթան դարձավ առաջիկա մյուս դեմ առ դեմ հանդիպումների: Առաջին երկուսը տեղի ունեցան Ժնևում, մեկը` հուլիսին, որը չէր հրապարակայնացվել, և հանրությունը դրա մասին տեղեկացավ միայն այն բանից հետո, երբ Ալիևը դրա մասին բարձրաձայնեց օգոստոսի 22-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպման ավարտին արած հայտարարության մեջ: Երրորդ հանդիպումը կայացավ  սեպտեմբերի 10-ին Յալթայում տեղի ունեցած Սևծովյան համագործակցության երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Իսկ չորրորդ հանդիպումը կայացավ հոկտեմբերի 11-ին Սադարակ գյուղում, որտեղ հատվում են Հայաստանի, Թուրքիայի և անկլավային Նախիջևանի սահմանները: 

Հարկ է նշել այն հանգամանքը, որ բանակցությունները շատ ինտենսիվ էին: Բացի նրանից, որ Քոչարյանն ու Ալիևը գաղտնի էին պահել բանակցությունների բովանդակությունը համանախագահող երկրներից, նրանք նաև դա թաքցրել էին իրենց ԱԳ նախարարներից, որոնք շարունակում էին հանդիպել և քննարկել (ապարդյուն) Մինսկի խմբի առաջարկները. Քոչարյանն ու Ալիևն արդյունքում մշակեցին բոլորովին նոր լուծում, որն ամբողջությամբ տարբեր էր ԵԱՀԿ նախկինում մշակած բոլոր առաջարկներից: Լուրջ փոխզիջումներ՝ հիմնված լայն տարածքային փոխանակման վրա. Հայաստանը ստանում էր ամբողջական տիրապետություն Ղարաբաղի վրա, ներառյալ Լաչինի միջանցքը, որի դիմաց Արդբեջանի ամբողջական տիրապետության տակ էր անցնում Հայաստանի ամենահարավային շրջանը` Մեղրին, որը Հայաստանին կապում է Իրանի հետ, և որը պետք է դառնար կապող միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

Սադարակում կայացած չորրորդ հանդիպումից հետո Ալիևն ու Քոչարյանը նախաձեռնեցին ասուլիս, որտեղ երկուսն էլ ակնարկեցին, որ բավականին մոտ են լուծմանը: …

․․․Ղեկավարների միջև համաձայնություններ ձեռք բերելու ռուսական և հետսովետական ավանդույթներին համահունչ` Քոչարյան-Ալիև համաձայնությունը բանավոր էր և պարունակում էր նվազագույն մանրամասնություններ: ․․Ալիևն իր մոտ հրավիրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սթենլի Էսկուդերոյին և բացահայտեց իր ու Քոչարյանի համատեղ մշակած ծրագիրը: Սա նորություն էր Միացյալ Նահանգների համար, որի համանախագահը մյուս համանախագահների հետ միասին մի քանի օր առաջ` հոկտեմբերի 7-ին, հանդիպել էր ԵԱՀԿ նորվեգացի նախագահողին Օսլոյում, և որտեղ ոչ մի պատվիրակություն տեղյակ չէր եղել նման ծրագրի առկայության մասին: Ալիևը խնդրեց դեսպանին Մինսկի խմբի անունից այդ բանավոր համաձայնության հիման վրա պատրաստել գրավոր նախագիծ, որն ավարտուն տեսքի կբերեն ինքը և Քոչարյանը: Նա խնդրեց, որ դա արվի անհապաղ: Պարզ չէր, թե Քոչարյանը կամ Ալիևը ինչ էին տեղեկացրել ռուսներին այս ծրագրի մասին, բայց հավանական է՝ նրանք գիտեին, որ ինչ-որ բան ձեռնարկվում է: Շնորհիվ սադարակյան ասուլիսի՝ դրա մասին արդեն գլխի էին ընկնում նաև երկու երկրների ժողովուրդները: …

… Չնայած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ և Մինսկի խմբի համանախագահող Սթրոբ Թելբոթը դիտարկում էր Մինսկի գործընթացը` որպես հնարավորություն համագործակցելու Ռուսաստանի հետ, ամերիկյան կողմը, խախտելով նախադեպը, տեղյակ չպահեց համանախագահողներին: Գործելով միակողմանիորեն, ամերիկյան կողմը շտապ սկսեց գրավոր փաստաթղթի պատրաստումը: Սա դեռ չավարտած` Թելբոթը և ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն մեկնեցին Բաքու (հոկտեմբերի 26-ին) և Երևան (հոկտեմբերի 27-ին)` փորձելով վերամշակել Քոչարյան-Ալիև համաձայնությունը: Այդուհանդերձ, Թելբոթը ստիպված էր արագ մեկնել Թբիլիսի հոկտեմբերի 27-ին` զբաղվելու մեկ այլ ճգնաժամով: Մեկնելով Երևանից` ամերիկացիները համոզված էին, որ հակամարտության կարգավորումը վերջապես շատ մոտ է:

Մինչ Թելբոթի ինքնաթիռը դեռ օդում էր, Սադարակի հանդիպումից 16 օր անց, Նաիրի Հունանյան անունով մեկը` չորս ուղեկցողների հետ միասին զինված ներխուժեց Հայաստանի խորհրդարան և սպանեց 8 պաշտոնյայի, նրանց թվում` վարչապետ Վազգեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին»:

Այս մեջբերումն, իհարկե, հաստստում է, որ Մեղրիի տարբերակ գոյություն ունեցել է, բայց սա մեզ համար կարեւոր է նաեւ այլ դիտանկյունից` հասկանալու համար, թե ինչպես ԼՂ հակամարտությունը կարգավորելու միջնորդական մանդատով օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը նախաձեռնություններից մեկն իր ձեռքն առավ։ Քիուեսթյան քննարկումները եւս ամերիկյան նախաձեռնությամբ էին, եւ որոշակի նմանություն կար այն տարբերակի միջեւ, որն ընդունված է համարել Մեղրիի տարբերակը, եւ որը հիշատակում է դիվանագետը. պարզապես, արդեն բուն Մեղրիի շրջանի վերաբերյալ որոշակի փոփոխություններ կային հոկտեմբեր 27-ից հետո։

Բայց հետ գանք մեր հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը մերժեց։ Այս հարցին պատասխանելու համար պետք է ընդամենը նայել, թե ինչպիսի փաստաթուղթ ստացավ Ադրբեջանը Քի Ուեսթում եւ դրանից հետո։ Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե Մեղրիի տարբերակի շուրջ համաձայնություն եղել է, թե ոչ (եւ ըստ այդմ՝ թե Քիուեսթյան տարբերակով Ադրբեջանի հասածը պլան Ա-ն էր, թե՝  Բ-ն), մենք արձանագրում ենք, որ․

-Քիուեսթյան տարբերակն առաջարկվեց միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, Արցախին այլեւս գրավոր առաջարկ չարվեց․ հիշենք, որ մինչ այդ՝  ներառյալ ԸՊ տարբերակը, առաջարկները գրավոր ներկայացվում էին եռակողմ ֆորմատով, եւ Արցախի պաշտոնական անհամաձայնությունը բավարար էր առաջարկը չեղյալ հայտարարելու համար։ Այսինքն (եթե անմեղության կանխավարկածը պահենք եւ համարենք, որ այն ժամանակվա ՀՀ իշխանությունները որեւէ հանցավոր նպատակ կամ պլան չունեին), Հայաստանին մեսիջներ հղելով եւ «էստակադաների» դիմաց խոստումներ տալով՝ Լաչինի միջանցքն ու նախկին ԼՂԻՄ-ը Հայաստանի տարածք ճանաչելու պատրաստակամություն հայտնելով՝ Ադրբեջանը խաղաց այն ժամանակվա ՀՀ իշխանության փառասիրության վրա, Արցախը դուրս հանեց բանակցային ֆորմատից, հակամարտությունը փաստացի դարձրեց երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան, Արցախը դարձավ ոչ թե սուբյեկտ, հակամարտության առաջնային կողմ, այլ՝ վեճի առարկա, տարածքային փոխանակության կետը ներառել տալով եւ ապա պլանը մերժելով՝ թղթով Հայաստանին դարձրեց ագրեսոր, այսինքն, ոչ թե Լեռնային Ղարաբաղն է իր շրջակա տարածքները ազատագրել՝ անվտանգությունից ելնելով, այլ՝ Հայաստանը օկուպացրել է դրանք եւ հիմա էլ միանձնյա պատրաստ է դրանք փոխանակման առարկա դարձնել։

Ահա թե ինչու Ադրբեջանը մերժեց այդ փաստաթուղթը։ Իրեն այդ պահին ամրագրում էր պետք եւ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանից հանելը։ Եւ դա արեց մեկ քայլանոց կոմբինացիայով, մանկական մատ անելով ՀՀ իշխանություններին եւ դիվանագետներին։ Ահա այստեղ վերհիշենք Վարդան Օսկանյանի խոսքերը, որ խնդրել էինք մտապահել ԸՊ տարբերակի շուրջ. «Հայաստանն ու Ղարաբաղը նոր էին պատրաստվում կարծիք հայտնել փաստաթղթի առնչությամբ, երբ Ադրբեջանն այնպես հապճեպ ու կտրուկ մերժեց այն, որ արդեն անիմաստ էր ինչ-որ բան ասել»։

Այսինքն, այն ժամանակվա ՀՀ իշխանությունների եւ նույն Վարդան Օսկանյանի թեթեւ ձեռքով, Ադրբեջանը հասավ իր ուզածին եւ «մատների վրա ֆռռացնելով ՀՀ ղեկավարներին»՝ պարզապես հանեց Արցախին բանակցային ֆորմատից։ Ինքնասիրություն ունեցող դիվանագետը նման դեպքում պիտի առհավետ թողներ իր դիվանագիտական աշխատանքն ու ամոթից այլեւս երբեք չխոսեր։

Բայց պարոն Օսկանյանը չի ամաչում այս ամենի համար։ Նա դրանից հետո շարունակել է պաշտոնավարել եւ հիմա էլ անգամ նյութեր է գրում՝ գովաբանելով իր դիվանագիտական խայտառակությունը։

Մադրիդյան սկզբունքներ

Հաջորդիվ Վարդան Օսկանյանը գովում է Մադրիդյան սկզբունքները։ Անխոս, այն աղետից հետո, ինչ մենք ունեցանք 2020 թվականին, ամեն առաջարկված տարբերակ շատ ավելի լավն էր։ Բայց եթե մենք հարցը դիտարկում ենք Վարդան Օսկանյանի հոդվածի դիտանկյունից, ապա պետք է քննարկենք իրողությունները մինչեւ 2020-ը եւ դրանք զուտ փորձագիտական վերլուծության ենթարկենք այն ժամանակվա իրողությունները հաշվի առնելով։ Եւ այսպես, պարոն Օսկանյանը ինքնագովաբանում է, որ Քի Ուեսթից հետո՝ եւս մեկ տարբերակ է բերել, որով Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում։

Քի Ուեսթից հետո անցել էր արդեն գրեթե ավելի քան 6 տարի՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունվեցին 2007-ի նոյեմբերին։ Անտեղյակ դիտորդները կասեն՝դե՛ տարբերակներ էին եղել նախորդիվ, անցան գնացին, բայց ահա, փոխարենը՝ տարիներ անց, նոր փաստաթուղթ ձեւավորվեց։ Այս հարցում էլ միֆերը չափազանց շատ են, ուստի հերթով քննարկենք։

Նախ, մենք պիտի հաշվի առնենք, որ Քի Ուեսթում Ադրբեջանը պատահական չէր, որ փոխեց բանակցային ֆորմատն ու հասավ իր ուզածին, ի տարբերություն մեզ` նրանք հեռահար ռազմավարական նպատակներ ունեին եւ դրանք իրագործեցին՝ ռազմական բալանս, զենքի ձեռքբերում եւ այլն, եւ այլն։ Դրանից բացի, Արցախին բանակցային ֆորմատից դուրս մղած Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելն ավելի հեշտ էր, հատկապես՝ տնտեսական անհավասար մրցակցության ֆոնին, եւ ի վերջո` դեմ հանդես գալով 97-ի փուլային տարբերակին եւ պնդելով փաթեթային տարբերակի վրա, Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո իշխանության եկած մարդիկ ունեցան մեկ փաթեթային լուծման առաջարկ՝ Ընդհանուր պետությունը եւ «փաթեթային» անվանված, բայց «փուլային» լուծմամբ առաջարկներ՝ Մադրիդյան, Կազանյան, Լավրովյան։ Ամբողջ միֆն այն է, որ նախորդիվ հայտարարվում էր, թե, օրինակ, հանրաքվեի անցկացման ամրագրումը փաթեթային լուծում է ենթադրում։

Ահա այդ մեջբերումը՝ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում»։

Այսինքն, այս մեխանիզմը հիշատակվում եւ ապա անմիջապես նշվում է, որ դա պետք է քննարկվի հետագայում։ Ամբողջ հարցն այն է, սակայն, որ երբ ժամանակն աշխատում է քո դեմ, երբ դու այդ հարցում դաշնակիցներ չունես, իսկ դիմացինն ունի, եւ տարի առ տարի հարստանում, զինվում, ուժեղանում է, իսկ քո փաթեթային տարբերակում հնարավոր հանրաքվեն նույնիսկ ժամկետային մանրամասներ չունի եւ փաստաթղթով դրված է հետագա քննարկման, ուզած–չուզած՝ դու էլի փուլային լուծման ես համաձայնել, բայց ավելի թուլացած վիճակով եւ ավելի շատ զիջումների գնով։

Սա է իրողությունը։

Վերջաբանի փոխարեն

Արցախյան հարցը մեր քաղաքական դաշտի եւ մեր հանրության լակմուսի թուղթն էր եւ է։ Հանրության վերաբերյալ միանշանակ պնդումներ անելը սխալ է, քանզի վերջինս շատ երկար տարիներ սնուցվեց կեղծիքով։ Բայց օրվա իշխանությունների վերաբերյալ դատողություններ անել կարելի է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ոչ մի իշխանություն չհամարձակվեց իր անունը, քաղաքական կարիերան, անձնական անվտանգությունը վտանգի ենթարկել եւ զոհաբերել հանուն Արցախի, ոչ մեկը չսիրեց Արցախն այնքան, որ հանուն Արցախի փրկության կրի «դավաճանի» պիտակը։ Նախկին իշխանությունները դա չարեցին նաեւ ընդդիմադիր կարգավիճակում․ նրանք բոլորը ավելի շատ սիրեցին իրենց անձը, քան Արցախը, նրանք պատրաստ էին Արցախը զոհել հանուն իրենց հայրենասեր երեւալու, քան լինել հայրենասեր եւ իրենց քաղաքական զոհողությունն անել հանուն Արցախի։ Վարդան Օսկանյանը նրանցից մեկն է։ Եթե նա իրական հայրենասեր եւ լավ դիվանագետ է, ապա հպարտանալու փոխարեն պիտի ընդմիշտ լռեր, ամաչեր այն «դիվանագիտական աղետի» համար, որ մեր գլխին բերեց։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Օսկանյանական մանիպուլյացիա
Հաջորդ հոդվածը«Կադիսը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)