‘
Դոլարային միլիարդատերերի թվով Ասիան ճանաչվել է համաշխարհային առաջատարը: Այս մասին վկայում է չինական Hurun Report ամսագրի մեծահարուստների վարկանիշային ցուցակը: Ըստ այդ ցուցակի՝ ամենահարուստ մարդն Ասիայում Լի Կա-Շինն է՝ Հոնկոնգից, իր 32 միլիարդ դոլարով:
Պարբերականի տվյալներով՝ Ասիայում ապրում է 608 միլիարդատեր: Այնուհետև գալիս են Հյուսիսային Ամերիկան՝ 440 միլիարդատեր, և Եվրոպան՝ 324 միլիարդատեր:
Առանձին երկրների շարքում մեծահարուստների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է (409), երկրորդը՝ Չինաստանը (317), երրորդը՝ Ռուսաստանը (88): Առաջին տասնյակում են նաև Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Շվեյցարիան, Բրազիլիան, Թայվանը, Ֆրանսիան և Թուրքիան (վերջին երկուսը կիսում են տասներորդ տեղը):
Hurum Report-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդը մեքսիկացի Կառլոս Սլիմն է՝ 66 միլիարդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում ամերիկացի Ուորեն Բաֆեթն է (58 միլիարդ դոլար), երրորդը՝ իսպանացի Ամանսիո Օրտեգեն (55 միլիարդ): Առաջին տասնյակում են Բիլ Գեյթսը, Բեռնար Առնոն, Լարրի Էլիսոնը, Լի Կա-Շինը, Չարլզ և Դևիդ Կոհ եղբայրները և Լիլիան Բեթանկուրը, հաղորդում է lenta.ru-ն:
‘