‘Ոսկու ձուլակտորների ներմուծումը «վստահվում է» մեկի՞ն’

3502

Տարբեր փորձագետներ ամենատարբեր առիթներով նշել են, որ մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող գլխավոր խնդիրը ոչ թե կամ ոչ այնքան օրենսդրությունն է, որքան տնտեսության քվոտավորումն ամենաբարձր մակարդակով եւ, ըստ այդմ, ստվերայնության մակարդակը:

Սրա ապացույցը հարկեր/ՀՆԱ հարաբերակցության չափազանց ցածր մակարդակն է ոչ միայն աշխարհի` մեզ պես երկրների, այլեւ հենց մեր հարեւանների համեմատությամբ: Եվ սա այն դեպքում, երբ որոշ հարկատեսակներ  մեզանում շատ ավելի բարձր դրույքաչափերով են կիրառվում, քան մյուս երկրներում:

Policy Forum Armenia (PFA)-ի «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» զեկույցում բերված տվյալների համաձայն, օրինակ, Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 16.3% է (շահութահարկը և ԱԱՀ-ն՝ 20-ական տոկոս), Վրաստանում՝ 24.9% (շահութահարկը 15%, ԱԱՀ-ն 18%), Ռուսաստանում (ոչ նավթային)՝ 22.1% (շահութահարկը 20%, ԱԱՀ-ն 18%), Սերբիայում՝ 33.7% (շահութահարկը 10%, ԱԱՀ-ն 18%), Կիպրոսում՝ 25.9% (շահութահարկը 10%, ԱԱՀ-ն 15%), Լատվիայում՝ 27.7% (շահութահարկը 15%, ԱԱՀ-ն 22%), և այլն:

Սա իսկապես խայտառակություն է, եւ ոլորտը դիտարկես` նույն պատկերն է: Ընդ որում` խեղկատակությունը հասել  է նրան, որ օրենքները գրվում են հատուկ մարդկանց որոշակի արտոնություններ տալու նպատակով, իսկ թե այդ ընթացքում ինչ կլինի նույն ոլորտում աշխատող մնացած մարդկանց հետ` հոգները չէ:

Նույն ոսկու շուկան դիտարկենք, որտեղ զբաղված մարդիկ այս պահին չափազանց անհանգստացած են սպասվող փոփոխություններով:

Բանն այն է, որ «Թանկարժեք մետաղների մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում` կառավարության կողմից ներկայացվախծ փոփոխությունների համաձայն` այսուհետ ոսկու ձուլակտոր ներմուծողներն ազատվելու են ավելացված արժեքի հարկից, ինչը նշանակում է, որ այդ բեռը տեղափոխվելու է մանրածախ շուկա, հետեւաբար` սպառողի ուսերին: Չգիտեմ` ում փայլուն ուղեղում է նման միտք ծագել, ըստ որի` հումք ներմուծողը չի հարկվելու, բայց հարկվելու է տվյալ հումքից պատրաստված իրը, սակայն այս պահին իսկ հստակ է, որ առանց այդ էլ անելանելիությունից ստվերում հացի փող աշխատող մարդիկ է’լ ավելի են ստվեր մղվելու` այդկերպ ցանկացած պահի խոցելի դառնալով: Եվ սա այն պարագայում, երբ առանձին գնահատականներով` ոլորտի ստվերը  հենց այս պահին էլ մոտավորապես 60% է կազմում: Բավական է վերցնել Պետեկամուտների կոմիտեի ծանուցումների ցանկը, եւ կտեսնեք, որ մի հսկա հատված վերաբերում է հատկապես ոսկյա զարդերի ապօրինի առքուվաճառքին կամ ընդհանրապես ոլորտում չլիցենզավորված գործունեությանը:

Տարօրինակ կերպով օրերս այս փոփոխություններին դեմ էր արտահայտվել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` նշելով, թե դրանք որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում: «Կամ ամբողջ շղթան պետք է հարկվի, կամ բոլորը պիտի ազատվեն ԱԱՀ-ից»,- հարցի շուրջ հանձնաժողովի քննարկման ընթացքում  հայտարարել էր Վարդան Այվազյանը:

Սրան ի պատասխան` Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը խոստացել է խնդիրը քննության առնել Արդյունաբերության զարգացման խորհրդի առաջիկա նիստում` հընթացս հայտարարելով, թե այսուհետ ոսկյա զարդերի առքուվաճառքի հսկողությունը փոխանցվել է հենց իրենց նախարարությանը:

Ոսկու շուկան, սակայն, միեւնույն է` փոթորկված է: Այստեղ ոչ միայն լավ գիտեն կառավարության «խոստման գինը», այլեւ լուրեր են շրջանառում, թե օրենքի փոփոխությունը իրականացվել է հատուկ մի’ մարդու համար, եւ այդ մարդը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մորեղբայր Գրիշա Հարությունյանն է:

Չգիտեմ` որքանով են այս լուրերը ստույգ, բայց հետաքրքրվելով Գրիշա Հարությունյանի գործունեությամբ, պարզեցինք, որ սա այն նույն Հարությունյանն է, ում, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, սրանից երկու տարի առաջ ռուսական wek.ru-ն էր անդրադարձել: Համաձայն հայտնի այդ հոդվածի` Հարությունյանը, որ 1000+1 խանութներին ցանցի սեփականատերն է եւ մեզանում իր եղբորորդու հետ միասին առավելապես հայտնի դարձավ ՀՀ-ից բանանի «արտահանմամբ», անմիջապես Սերժ Սարգսյանի հովանավորությամբ տարիներ շարունակ զբաղվել է Հայաստանից սեւ եւ գունավոր մետաղների արտահանմամբ, նաեւ` Բուզանդի փողոցում «էլիտար» շինարարարություն իրականացնող «Գրիար» ընկերության սեփականատերն է, այսինքն` մեկը, ով մարդկանց դուրս շպրտեց իրենց տներից` դրա դիմաց կոպեկներ շպրտելով նրանց:

Հիմա, ուրեմն, ոսկերիչների շրջանում կրկին այս մարդու անունն է շրջանառվում, եւ ասում են, թե հենց նրա’ն են արտոնել առանց ԱԱՀ վճարելու` հանրապետություն ոսկե ձուլակտորներ ներմուծելու «սուրբ առաքելությունը»:

Կրկնում եմ` չգիտեմ, թե որքանով են այս լուրերը ստույգ (թեպետ մեզանում երբեք ակրակ ծուխ չի լինում), բայց որ կառավարությունը պիտի վերջապես հաշիվ տա իրեն ու դադարի կործանել փոքր ու միջին բիզնեսը` սա հստակ է:

 

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Ճարտարապետների միությունը «հայցում է անհապաղ կասեցնել» ԱԳՆ շենքի վաճառքի գործըթացը’
Հաջորդ հոդվածը‘Վրաց նախկին փոխնախարար. Կրեմլում լեզգինկա պարելը հավասարազոր է զոհերի գերեզմաններին պարելուն’