Լիզա Ճաղարյան. Պինդ բռնվեք. հեսա–հեսա 88–ն էլ է «արձանագրելու»

2933

Է՛ս պատին ծեփռտվեց, է՛ն պատին ծեփռտվեց, էս ասֆալտին փռվեց, էն ասֆալտին փռվեց, վերջը եկավ–հասավ Անկախության հռչակագրին։

2020 թվականի նոյեմբերի 9–ից մինչ օրս անթիվ–անհամար մեղավորներ է գտել ու «արձանագրել»` է՛լ դասալիքներ, է՛լ գերիներ, է՛լ «ոսկե պլատա» գողացողներ, է՛լ գեներալներ, է՛լ դժգույն Շուշի, է՛լ զանազան–զարմանազան «շպիոնօնիկներ», է՛լ արցախցիներ, է՛լ հայաստանցիներ, է՛լ ռուսներ, է՛լ եվրոպացիներ…

Ոնց որ թե էս «բնագավառում» լիմիտը սպառել է, հիմա էլ 1990 թվականի օգոստոսի 23–ին ընդունված Հռչակագիրն է ասֆալտին փռում։

Մի ոտ բան է մնացել, որ հասնի 88–ի փետրվարին։

Իր «ճշմարտությունն» ապացուցելու, իր անսխալականությունը բոլորիս աչքը մտցնելու, իր անմարսելի հանցագործությունը արդարացնելու, իր անսպառ ամբարտավանությունը արժանապատվության տեղ միամիտների վրա «սաղացնելու» համար մինչեւ Ավարայրի ճակատամարտ ու դրանից դենն էլ կհասնի, ու ձայնը չի դողա։ Հույս չունենաք։

Ոչ մի ցանկություն չունեմ մեջբերումներ անելու պարոն մեծարգոյի վերջին ելույթից, սառնասրտորեն ու մինչեւ վերջ լսելն արդեն գերագույն ճիգեր պահանջեցին ինձանից։ «Գերագույն»–ը ամենեւին էլ չափազանցություն չի, եթե որոշել ես նստել ու մի երկարաշունչ` մերկապարանոց կեղծիքների, էժանագին հնարքների, ճղճիմ մանրախնդրության, «շաքար–աքլորի» ճոռոմաբանության բառակույտ մարսել։

Կարճ–համառոտ` սա է Նիկոլ Փաշինյանի ասածը. Անկախության հռչակագրի հաջորդ օրվանից այդ նույն Հռչակագրի հեղինակներն սկսել են ոչնչացնել անկախությունն էլ, Արցախն էլ, ամեն ինչ փլուզել են, բան չեն թողել, ինքը քայլելով եկել է մի երեսուն տարի հետո, ուզեցել է ոչնչացրածը վերականգնել, էդ փլուզածը դզմզել, դրա համար վռազ–վռազ իրեն գցել է Արցախ, միտինգ է արել ու բղավել. «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»…

Էն էլ ինչ է պարզվել (բա պարզեիր` նոր միայն թուրկեծակին պատյանից հանեիր). պարզվել է` էդ որ ասում եք` Արցախ հա՛ Արցախ, էդ ձեր իմացած Արցախը` Անկախության հռչակագրի հետ ոտ–ոտ, Հայաստանի վերահսկողությունից դուրս է, որովհետեւ, իջեւանցու ասած` տյու մի ասիիիիլ` «Հայաստանը այլևս որեւէ բան այդ համատեքստում չի որոշում ու միակ բանը, որ կարող է որոշել` հլու կատարել այլ տեղերում կատարվող ու կայացվող որոշումները»։

Չէ, իրար հակասող ու իրար հերքող «արձանագրումների» շարանին հակադարձելու միտք չունեմ։ Հարցս էլ հռետորական է. Անկախության հռչակագիրը օգոստոսի 23–ին որ ընդունվեց, Հայաստանը դեռ անկախ չէր, Արցախն էլ Սովետական Ադրբեջանի կազմում ԼՂ մարզ էր, հաջորդ օրվանից չեղած բանը էդ ո՞նց սկսեցին ոչնչացնել Հայաստանի առաջին իշխանությունները, էդ ո՞նց հաջողվեց էդ իշխանություններին` ոչնչացնել ամեն ինչ, չստեղծել ոչինչ, բայց հաղթել ծանրագույն ու երկարատեւ պատերազմում։ Ի տարբերություն փրկող, փլուզվածն ու ոչնչացվածը վերականգնելու եկած մեծարգոյի, որ 44 օրում գրեթե նույնքան զոհեր տվեց, որքան երեքից ավելի տարի տեւած պատերազմում ահա՛ այդ ոչնչացնողներն ու փլուզողները։ Գումարած` փոշիացրեց այդ հաղթանակն ու բոլորիս նստեցրեց կոտրած տաշտակի առաջ։ Արնաթաթախ տաշտակի առաջ։

Ինքը, եթե հիշում եք, վարչապետի աթոռին բազմելուց մի քանի ամիս անց էլ հոխորտաց, որ Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ Արցախի խնդրի մասին զրույցից հետո ոչ մի նոր բան չի իմացել, ինքն ամեն ինչ գիտեր։

Լավ, փաստորեն` գիտեր ամեն ինչ։ Գիտեր, որ ամեն ինչ ոչնչացված է` նույնիսկ չեղած բաներն են ոչնչացված, համատարած փլուզումներ են, եւ որոշեց գնալ Ստեփանակերտ ու ասել` Արցախը Հայաստան է եւ վե՞րջ։ Բայց արդեն գիտեր, չէ՞, որ «Հայաստանը այլեւս որեւէ բան այդ համատեքստում չի որոշում»։

Գիտեր, չէ՞, որ Հայաստանի անկախությունն էլ է ոչնչացված, երկիրն էլ է փլուզված, իսկ փլուզված ու ոչնչացված երկրի բանակը չի կարող լինել «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը»։

Ընկերներիցս մեկը շատ դիպուկ նկատեց. «Դրա արածը նույնն է, որ ընտանիքի հայրը նախապես շատ լավ տեղյակ լինի, որ իր ավտոմեքենան շատ վատ վիճակում է, արգելակներն էլ փչացած են, բայց ամբողջ ընտանիքին, մատղաշ էրեխեքին նստեցնի այդ շունչը փչող մեքենայի մեջ, 150 արագություն բացի ու տանի բոլորին գցի ձորը»։

Ես էլ հավելեմ` իսկ ինքը ընթացքի ժամանակ «բարով–խերով» դուրս թռչի մեքենայից։

…Մինչեւ հիմա ձորերից հավաքում են Ընտանիքի լույս մատղաշների մասունքները, ու վերջը չի նշմարվում։

Իսկ ես շարունակում եմ չմոռանալ ու մոռացկոտներին էլ ուզում եմ հիշեցնել` երեկվա ելույթի հեղինակը էն նույն «մեծարգոն» է, որ մի օր ասաց` ես կարող էի ավելի շուտ կանգնեցնել արյունահեղությունը, բայց դրանից հետո ինձ կասեիք` դավաճան։ Եվ ինչ էլ ասել է դրանից հետո, եւ հետագայում էլ ինչպիսի նորահայտ «արձանագրումներ» էլ անի, անհերքելի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը կարո՛ղ էր ավելի շուտ կանգնեցնել պատերազմը եւ խուսափել այն անբուժելի ողբերգությունից, որի անունն ինձ համար «կոտորածն մանկանց» է։

Մենք էլ արձանագրենք. Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որ առավոտյան ներկայանում է մի դեմքով, կեսօրին` մեկ այլ դեմքով, երեկոյան` մեկ այլ… Մի մարդ, որ Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական եւ այլեւս անուղղելի խելահեղ քայլերն անում է ու հետին թվով սկսում «պարզել», թե ինչն ինչու եղավ։

Սպասենք` տեսնենք, թե 1988–ի փետրվարի 20–ին ինչ հանցագործություն է կատարել Հայաստանի ու Արցախի ժողովուրդը։

Նիկոլը կասի։ Չկասկածեք։

Նախորդ հոդվածըՖելիքս Օժե-Ալյասիմը՝ Բազելի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըԿամրջի փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ