‘
Գերմանական առաջատար ավտոարտադրող BMW ընկերությունը շուկայից հետ է կանչում 2005-2008թթ. արտադրության 7-րդ սերիայի ավելի քան 45 հազար ավտոմեքենա՝ փոխանցատուփերում հայտնաբերված անսարքության պատճառով:
Մասնավորապես, հետ կկանչվեն 2005-ի արտադրության BMW 745I եւ BMW 745LI մոդելները, 2006-2008թթ. BMW 750I եւ BMW 750LI-երը, 2005-2006թթ. BMW 760I-երը, ինչպես նաեւ՝ 2005թ. թողարկման BMW 760LI-երը:
Բոլոր նշված ավտոմեքենաները սարքավորված են էլեկտրոնային բանալիով եւ նորարարական Shift-by-Wire տեխնոլոգիայով պատրաստված փոխանցման տուփերի կառավարման համակարգով, որը փոխանցման աստիճանն ավտոմատ կերպով փոխադրում է պարկինգի ռեժիմ՝ շարժիչը միացնելու եւ անջատելու կոճակը սեղմելիս:
Սակայն, հայտնաբերված թերությունը կայանում է նրանում, որ կոճակի սեղմման ժամանակ համակարգը կարող է փոխանցատուփը դնել ոչ թե պարկինգի, այլ նեյտրալ՝ չեզոք աստիճանի վրա, ինչը կարող է մեքենային թույլ տալ տեղաշարժվել կանգնած տեղից:
Եթե այդ պարագայում օգտագործվեր շարժիչը գործարկելու սովորական բանալի, համակարգը թույլ չէր տա վարորդին սխալ ռեժիմի դրված լինելու դեպքում բանալին հանել կողպեքից: Սակայն էլեկտրոնային բանալու պարագայում վարորդը հնարավորություն չունի տեղեկանալու սխալի մասին:
Ավտոմեքենաների հետկանչը կսկսվի այս տարվա նոյեմբերին, սակայն անճշտության վերացման համար անհրաժեշտ ծրագիրը հասանելի կլինի 2013-ի մարտից ոչ շուտ:
‘