‘Forbes-ն անվանել է աշխարհի վատթարագույն տնտեսությունները. Ուկրաինան 4-րդ տեղում է, Հայաստանը՝ 2-րդ’

5457

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է այն երկրների ցանկը, որոնց տնտեսությունները վատթարագույն վիճակում են:

Առաջին տեղում Մադագասկարն է, որտեղ բնակչության 77 %-ը գտնվում է աղքատության գծից այն կողմ: Նման իրավիճակի են հանգեցրել պետական կառավարման մեջ թույլ տրված սխալները, համատարած կոռուպցիան, նշում է պարբերականը՝ վերլուծելով  վերջին տարիներին տարբեր երկրների մակրոտնտեսական ցուցանիշները և մինչև 2012 թ. զարգացման կանխատեսումները:

Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցնում է Հայաստանը, որի ՀՆԱ-ն ճգնաժամային 2009 թ. կրճատվել է 15 %-ով: Բնակչությունը տուժում է բարձր ինֆլյացիայից (7 %), ընդ որում՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 հազար դոլարից պակաս է, ինչը, ինչպես նշում է Forbes-ը, հարևան Թուրքիայի նույնատիպ ցուցանիշի մեկ երրորդից էլ քիչ է:

Երրորդ տեղում Գվինեան է հայտնվել՝ մի երկիր, որին է պատկանում մոլորակի ալյումինի պաշարների կեսը: 2008 թ. երկրում հերթական անգամ ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, ինչը դանդաղեցրեց տնտեսական աճը և իջեցրեց տնտեսական՝ առանց այդ էլ ցածր ցուցանիշները:

Ցուցակի չորրորդ տեղում Ուկրաինան է: Forbes-ը ընդգծել է, որ բնական պաշարներով և բարեբեր հողով հարուստ այդ երկիրը կարող էր իր տնտեսական ցուցանիշներով լինել Եվրոպայի առաջատարը, սակայն իրականում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով չի հասնում նույնիսկ Սերբիային և Բուլղարիային: Ուկրաինայում տարեկան արժեզրկումը կազմում է մոտավորապես 10 %,  2009 թ. ՀՆԱ-ն  կրճատվել է 15 %-ով: Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ Ուկրաիանան չի զարգանում կոռուպցիայի, վատ կառավարման և թույլ դատական համակարգի պատճառով, ինչը չի ապահովում օրենքների կիրառումը:

 Հինգերորդ տեղում Յամայկան է, որը խիստ տուժել է գլոբալ տնտեսական ճգնաժամից: Զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է, սակայն աղքատության մակարդակն աստիճանաբար նվազում է:

Այնուհետև Forbes-ի ցուցակում գալիս են Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան, Իրանը, փոխանցում է correspondent.net-ը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսն առաջարկում է համակարգված կոռուպցիայի վերաբերյալ հարցապնդումն ուղարկել դատախազություն’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյանը Պուտինին «Վլադիմիր Իլյիչ» անվանեց (տեսանյութ)’