G20․ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ Բլինքենը և Լավրովը զրուցել են

196

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Դելիում «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում զրուցել են տասը րոպեի չափ։ Եվ այդ ընթացքում, ինչպես նշել են ԱՄՆ պետքարտուղարությունում, Բլինքենը կրկին Լավրովին հասկացրել է, որ Ամերիկան մտադիր է օգնելու Ուկրաինային այնքան, որքան պահանջվի, և լավ կլինի՝ Ռուսաստանը վերադառնա ՌՀՍԿ պայմանագրին և բանտից ազատի ամերիկյան քաղաքացի Փոլ Ուիլանին։

Պատերազմի մեկնարկից ի վեր դա Բլինքենի և Լավրովի առաջին հանդիպումն է եղել։ Վերջին անգամ նրանք հանդիպել և զրուցել  էին Ժնևում 2022 թ․ հունվարին։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ, ըստ էության՝ ոչ մի բանակցություն չի եղել, և Բլինքենն ինքն է խնդրել շփվել Լավրովի հետ, ինչին Ռուսաստանի արտգործնախարարը համաձայնել է։

G20-ի հանդիպմանը  Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախարարներին կոչ է արել աշխատել «լեզու գտնել» միմյանց հետ։ «Մենք հանդիպում ենք խորը գլոբալ պառակտման ժամանակ»,- ասել է նա։ Մոդին նաև ընդգծել է, որ երկրների մեծ մասը դատապարտում է պատերազմն Ուկրաինայում, սակայն «քսանյակի» անդամների միջև արմատական տարաձայնությունները դեռ պահպանվում են։ Այսպես, Բլինքենն արդեն նշել է, որ Մեծ քսանյակի հանդիպումը մռայլվում է Ռուսաստանի՝ «ոչ մի կերպ չսադրված և չարդարացված պատերազմով», իսկ Սերգեյ Լավրովը կրկին Արևմուտքին մեղադրել է ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքը «թաղելու» փորձի մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍերխիո Բուսկետսը կհեռանա «Բարսելոնայից»
Հաջորդ հոդվածըՉալհանօգլուն կերկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ