‘iLur Բլոգ. Էտի ժամանակը. Անտեսանելի պատմութիւն ‘

2762

                                                                                                                 Fiat iustitia, ruat caelum

                                                        (Արդարութիւնը պէտք է յաղթանակի, թէկուզ փլուի երկնակամարը)

                                                                                                               Հին հռոմէական ասացուածք

Մարդկայնօրէն՝ ողբերգական, պատմականօրէն՝ հեգնական է այն հանգամանքը, որ Անկախ Հայաստանի երկրորդ եւ երրորդ «նախագահները»՝ Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը, դարձան հայ ժողովրդի վերջին դահիճները:

Առաջինը գլխատեց հայոց պետականութիւնը (Հոկտեմբերի 27), իսկ երկրորդը՝ այդ պետականութեան կրողին՝ հայ ժողովրդին (Մարտի 1): Դրանով աւարտին հասաւ հայոց ինքնասպանութեան այն ախտաբանական գործընթացը, որ զանազան ձեւեր ընդունելով, մե՛րթ ուժգնանալով, մե՛րթ թուլանալով, առնուազն արդէն մէկ եւ կէս հազարամեակ թաքուն հասունանում էր հայ իրականութեան ընդերքում:

Այդ երկուսի յանցանքն աւելի մեծ է, քան Երիտթուրքերի եւ Ստալինի ոճրագործութիւնները: Նրանց դէպքում չի գործում նոյնիսկ այն նուազագոյն, թէկուզ կենդանական-կենսաբանական  արդարացումը, որ գրգռում էր օտար ոճրագործների գիշատիչ բնազդները. թէ՛ Երիտթուրքերը, թէ՛ Ստալինը յօշոտում-պատառոտում-ոչնչացնում էին իրենց ճանապարհին կանգնած թշնամուն:

Հարազատ դահիճների միակ թիրախը հէնց իրենք են: Այսինքն՝ այն մարմինը եւ հոգին, որոնց պատկանում են նաեւ իրենք: Այստեղ այլեւս չեն գործում ո՛չ բնազդ,  ո՛չ տրամաբանութիւն: Միակ բանը, որ գործում է, ախտաբանութիւնն է, որն արդէն համակարգ է եւ վիճակ:

Անձի պարագային այդ հիւանդութիւնը կոչւում է շիզօֆրէնիա, իսկ հաւաքական մակարդակում դա կարելի է կոչել ինքնացեղասպանութիւն:    

Ասուածի անհերքելի ապացոյցն է այն, որ Հայաստանի ներկայ իշխանութիւնը մէկը մէկին ճշգրտօրէն կրկնեց զոհի դիմազրկման, մեղքը նրա վրայ բարդելու, սպանութիւնների կոծկման, ժխտման, ուրացման, սեփական անձեռնմխելիութեան եւ անպատիժ յոխորտանքի այն նոյն վարքագիծը, որ ցուցաբերել ու ցուցաբերում են օտար ցեղասպանները. բօլշեւիկները՝ Հայոց առաջին անկախ պետութեան գլխատման, եւ  թուրքերը՝ հայ ժողովրդի բնաջնջման առնչութեամբ: Այդ նմանութիւնը կամ նոյնութիւնը ենթակայական-կամայական ընկալում չէ, այլ ցեղասպանութեան արքետիպային կառուցուածքի պարտադիր եւ անփոփոխ նկարագիր:

Թէ՛ անհատականօրէն, թէ՛ հաւաքականօրէն՝ շիզօֆրէնիայի գլխաւոր յատկանիշն ախտահարուած գիտակցութիւնն է: Հանրային կեանքի մակարդակում դրա տեւական եւ «համակարգուած» դրսեւորումը բռնապետութիւնն է, քանզի, Տոլստոյի խօսքով ասած, «մոլագարութիւնն էլ ունի իր օրէնքները»:

Այդ հիւանդութեան բուն պատճառը մնում է չբացայայտուած, սակայն յայտնի է դրա ախտաբանութիւնը: Երբ խախտւում է մարդու հոգեւոր եւ նիւթական ընկալման բնատուր համակշռութիւնը, մարդկային ես-ը կուրօրէն տրւում է իշխանութեան՝ տիրելու-տիրանալու մոլուցքին: Ջրգող մարմնի պէս փքուելով՝ նա գնալով այնքա՛ն է ահագնանում, որ, ի վերջոյ, պայթում է՝ սպանելով հոգին եւ ցրիւ տալով գիտակցութիւնը: Իր խեղաթիւրուած երեւակայութեան մէջ նա խժռում է իրենից դուրս գտնուող ամեն ինչ:  Տենչալով դիմադրութեան նոր աղբիւր եւ գտնելով միայն անապատի կիզիչ դատարկութիւն՝ նա սկսում է խժռել ինքն իրեն:  Նրան թւում է, թէ ինքը «յաղթական պայքար» է մղում իր «չար թշնամիների» դէմ, սակայն իրականում իր իւրաքանչիւր քայլով նախապատրաստում է սեփական վախճանը, որը նրա անկանոն եւ անտրամաբան վարքի սքօղուած նպատակն է եւ անփոփոխ սեւեռակէտը: Տգիտութիւնը, կեղծիքը եւ բռնութիւնը կազմում են նրա աշխարհընկալման «սուրբ երրորդութիւնը». զառանցանքը, ցնորքը եւ կասկածամտութիւնը դառնում են նրա ճանապարհի անբաժան ուղեկիցները: Նա մէկընդմիշտ դադարում է անձ կամ անհատ լինելուց եւ զրկւում սեփական դէմք, ասել է թէ՝ ազատ կամքի մարդկային կենսագրութիւն ունենալուց: Նա  իրենով իսկ մարմնաւորում է դահճի հանգամանքը, եւ նոյնիսկ նրա՝ անցեալում կատարած առաքինի գործերը այլեւս նրան չեն պատկանում: Միակ բանը, որին նա տրւում է գրեթէ հեշտագին տարփանքով, մահն է՝ բացարձակ իշխանութեան «փառապսակով»: 

Ինքնաոչնչացման այս ընթացքը միաժամանակ ներկայանում է իբրեւ պաշտպանութեան միակ հնարաւոր միջոցը, որով բնութիւնը ազատւում է այդ անբուժելիօրէն հիւանդ ներկայութիւնից. չորացած ճիւղն ինքնաբերաբար դուրս է մղւում ծառի մարմնից, եւ ծառն առողջանում է:

Բնատուր հատուցման այս «ինքնաշխատ համակարգը» նոյնքան հին է, որքան բնութիւնն ինքը: Աւելին, դա մի տիեզերական անխախտ օրէնք է, որը պարտադիր կերպով գործում է գոյութեան ու կեցութեան բոլոր մակարդակներում: Անյիշելի ժամանակներից մարդկութիւնը նոյնպէս կիրառել է սկզբնական հաւասարակշռութեան վերականգման այդ օրէնքը՝ գիտակցաբար թէ անգիտակցաբար: Աւստրալիայի բնիկները, որ ստեղծել են երկրագնդի ամենահին եւ ամենաբարդ հոգեւոր-կրօնական համակարգերից մէկը, գտել են խնդրի լուծման  պարզ ու խորիմաստ եղանակ. համայնքի օրէնքը խախտած առաջնորդին նրանք պարզապէս դատապարտում են… մենակութեան: Դա նշանակում է չգոյութիւն, մահ, անդառնալի վախճան:

Թէեւ անգիտակցաբար ու պարտադրաբար, բայց անհրաժեշտoրէն ենթարկուելով բնական հատուցման այդ մեծ օրէնքին՝ ներկայումս ճիշտ նոյն ձեւով է վարւում նաեւ հայ ժողովուրդը: Խաչ քաշելով Հայաստանի ներկայ վարչակարգի վրայ՝ նա «ձեռքից եկած» ամեն ինչով արագացնում է ցեղասպան իշխանութեան վախճանը. գործուն մասնակցութիւն է ցուցաբերում ընտրութիւնների կեղծմանը,  օգնում իշխանութեան «վերարտադրմանը», կաշառք է տալիս-կաշառք վերցնում, չի դիմադրում եւ չի ըմբոստանում, իրեն պահում է  «անտեղեակ երեխայի պէս» եւ, ի վերջոյ, արտագաղթում:

Այս բոլոր շարժումները, որ արտաքուստ համատարած բարոյալքման ու ինքնուծացումի  տպաւորութիւն են թողնում, իրականում ազգի «հաւաքական անգիտակցականի» կենսանորոգ մղման արտայայտութիւնն են, որի միակ իմաստն այն է, որ շօշափելի-առարկայական կերպով երեւակում է ներկայ իշխանութեան ինքնաոչնչացման ամբողջ ախտաբանութիւնը՝ վերից վար եւ լայնքով ու խորութեամբ:  

Այս «անտրամաբան» ընթացքը, որի առջեւ հայ ժողովրդի մտածող հատուածն այժմ մնացել է մոլոր կանգնած՝ չիմանալով իր ասելիքն ու անելիքը,  կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ներկայ հիւանդ իշխանութիւնը մինչեւ վերջին բջիջն անհրաժեշտաբար չի խժռել ինքն իրեն:   

Երբ դա տեղի ունենայ, մի առաւօտ կարթնանայ ծեր այգեպանը եւ, զննելով  ծառի պսակից դուրս ցցուած երբեմնի որդակուր, իսկ այժմ արդէն մերկօրէն մաքուր, բայց անդարձօրէն չորացած ճիւղը,  ինքն իրեն կշշնջայ.

Հասել է էտի ժամանակը:           

Սեւակ Արամազդ

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում բնակվող «հերթական հայը» «աչքի է ընկել» զինված կողոպուտի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյան. Էս հրաժարականներին եւ նման քայլերին ժողովուրդը էդքան էլ համաձայն չի (տեսանյութ)’