‘iLur Բլոգ. Շուշանի համախտանիշ’

7957

Մարինե Պետրոսյան

Սկզբում, հիշում եք երեւի, Շուշան Պետրոսյանն ուղղակի լավ երգչուհի էր: Հայտնի ու սիրված: Էսօր Շուշանը հանրապետական ա, պատգամավոր, եթե ասուլիսների հաճախականությամբ Գալուստ Սահակյանին դեռ չի հասնում, դրանցում հնչեցրած անհեթեթ մտքերով` արդեն տվել անցել ա: Ո՞նց հնարավոր դարձավ սա: Ուզում եմ հասկանալ:

Շուշանի ամուսինն աշխատում էր 6-րդ վարչությունում, 2008 թվի մարտի 1-ին ոչ երկրորդական «քաջագործներից» էր, արդարացիորեն դարձավ հասարակության ատելության թիրախ, ընդ որում՝ հիշվում էր հենց որպես «Շուշան Պետրոսյանի ամուսին»: Շուշանը հրապարակային պաշտպանում էր ամուսնուն` համբերությունից հանելով Շարժման մասնակիցներին: Ամիսը չեմ հիշում, պետք ա որ 2008-ի կեսերը լիներ, Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկում» բանավիճեցինք Շուշանի հետ` էս թեմայով: Հետո, հիշում եմ, դուրս եկանք խմբագրությունից ու քայլելով` զրուցեցինք: Շուշանը բողոքում էր, թե իրան փողոցում տեսնելիս շատ կոպիտ ռեպլիկներ են անում, մեյլով սարսափելի նամակներ են գրում, ասում էր՝ սպառնում են նույնիսկ իրա երեխային, որ շատ փոքր էր էդ ժամանակ: Ես բացատրում էի`  Շուշան, վրդովմունքի նման ձեւերն  իհարկե անընդունելի են, բայց բուն վրդովմունքը լրիվ հասկանալի ա ու արդար, որովհետեւ մարտի 1-ին բռնություն կիրառեցին խաղաղ ցուցարարների դեմ, զոհեր եղան, քո ամուսինը մասնակցում էր էդ բռնությանը, դու էլ իրան պաշտպանում ես: Շուշանը չէր համաձայնում, ասում էր` ժողովրդին թյուրիմացության մեջ են գցել, գազազացրել են, ասում էր` ամբողջը Լեւոնն ա արել, ես իրան չեմ սիրում, ինքը հայրենասեր չի: Լավ, ասում եմ, Լեւոնին, ասենք, չես սիրում, բայց դու ո՞նց ես կարողանում պաշտպանել էս իշխանություններին, ինչի՞ համար ես պաշտպանում: Իրանք լավ մարդիկ են, պատասխանեց Շուշանը, բարի մարդիկ են, ես երբ որ խնդիր եմ ունեցել ու իրանց դիմել եմ, միշտ օգնել են:

Պատմածս հինգ տարի առաջ էր: Էս տարի Շուշանը նորից հայտնվեց սկանդալների կենտրոնում: Գարնանը նախագահական ընտրություններ էին, եւ հաղթած ընդդիմադիր թեկնածուն Րաֆֆին էր` Վովա Գասպարյանին զորավար անվանող ու բառընդմեջ Սերժի՝ «ազգին մատուցած ծառայությունները» հիշող Րաֆֆին, որը, թվում ա, լրիվ պետք ա համապատասխաներ «լավ մարդու» եւ «հայրենասերի» շուշանական պատկերացումներին: Բայց Շուշանը, արի ու տես, արդեն հանրապետական էր դարձել ու պատգամավոր էր, Պետրոսի «Հայկական ուրբաթում» Րաֆֆու գլխավորած շարժումն էլ անվանեց ատելության շարժում, «ժողովրդին հիվանդության մղող, մարտի 1-ի հրող շարժում»: Էս հաղորդման ընթացքում Շուշանը փորձեց բարոյականության դասեր տալ Րաֆֆուն ձայն տված գյումրեցիներին՝ ասելով, թե «ազնիվ չի՝ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի»: Ակամա հաստատեց փաստորեն հանրապետականների` ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելը: Ու վիրավորեց գյումրեցիներին, որոնք էնքան ջղայնացան, որ սպառնացին «խիյարով ու սապոնով» դիմավորել Գյումրիում էդ օրերին համերգ տալ պատրաստվող Շուշանին: Համերգը չկայացավ:

Վերջին սկանդալը պատահեց օրերս: Քաղաքացիական ակտիվիստներին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը խառնաշփոթի մեջ, առիթից օգտվելով, ներողություն արտահայտությանս համար, լպստել էր ցուցարար աղջիկներից մեկի վիզը: Լրագրողները երգչուհի-պատգամավորուհուն հարց էին ուղղել վրդովմունքի ալիք բարձրացրած էս դեպքի առիթով, եւ Շուշանը պատասխանել էր, թե ոչ մի վատ բան չի տեսնում դրանում, ընդամենը «հայ տղան նրբորեն համբուրել է հայ աղջկա»: Էս անհեթեթ խոսքը Շուշանին նորից դարձրեց ծաղրի առարկա, հնչեցին, ոնց որ առաջ էր եղել, նաեւ շատ կոպիտ բնութագրումներ, ոմանք նույնիսկ սկսեցին կասկած հայտնել երգչուհի-պատգամավորուհու հոգեկան առողջության վերաբերյալ: Ու հենց էդ ժամանակ էլ իմ մեջ առաջացավ էս տեքստը գրելու ցանկությունը:

Շուշանի վարքագծում իսկապես կա մի բաղադրիչ, որն առաջին հայացքից կարծես թե դուրս ա ողջամտության սահմաններից: Ի՞նչ ա շահում Շուշանն իրա էս կարգի հայտարարություններով: Եթե հանրապետականի ցուցակով պատգամավոր դառնալու մեջ որոշակի պրագմատիկ հաշվարկ կարելի էր տեսնել, ապա էս կարգի անհեթեթ հայտարարություններով Շուշանը ոչինչ չի շահում,  մենակ կորցնում ա` դառնալով ծաղրի առարկա:    Եվ հանրապետականին էլ ոչ մի օգուտ չի տալիս, ծաղրի առարկա դառնալով՝ մի՞թե հնարավոր ա սեփական կուսակցությանը օգուտ տալ: Շուշանը  չի՞ հասկանում սա: Լավ, ասենք շատ խելոք մարդ չի, բայց չէ՞ որ սա վերլուծելու խնդիր չի, սեփական փորձով պետք ա լավ իմանա` ինչ ա հաջորդում իրա էս կարգի ելույթներին: Փորձ ունի, չի կարող չիմանալ: Բայց կրկնում ա, համառորեն կրկնում ա նույնը: Ինչո՞ւ: Գուցե պատճա՞ռ կա, խորքային շարժառի՞թ կա: Չի բացառվում,  որ կա: Ու ես էդ հնարավոր շարժառիթի մասին եմ ուզում խոսել:

2008-ին Շուշանը փորձում էր պաշտպանել ամուսնուն, որը մարտի 1-ին բռնություններ էր գործադրել ընդդիմադիրների նկատմամբ: Ամուսինն էր, շատ անբնական չէր, որ ուզում էր պաշտպանել: Բայց պաշտպանելու տեղ չկար: Սրտի խորքում երեւի ինքն էլ գիտեր, որ պաշտպանելու տեղ չկա, որ ամուսնու արածների դեմ մարդկանց վրդովմունքը տեղին ա: Բայց էդ վրդովմունքը երբեմն իսկապես ահագին տգեղ դրսեւորումներ էր ստանում, ինձ թվում ա՝ Շուշանը սուտ չի ասում, իրա երեխային իսկապես սպառնացել են նամակներով: Հիշում եմ` երբ որ Ազատություն ռադիոկայանից դուրս գալով՝ զրուցում էինք, Շուշանի էդ պատմածները երեխային վերաբերող սպառնալիքների մասին ինձ հուզեցին, մի տեսակ մղում առաջացավ մեջս` նման հարձակումների ենթարկվողին պաշտպանելու: Ու հիմա, տարիների հեռվից, հիշելով դա ու տեսնելով նաեւ Շուշանի համառ մղումը` անընդհատ անհեթեթ բաներ ասելու, որի արդյունքում իրա հասցեին կոպիտ բնութագրումներ են հնչում, էդ թվում՝ անձնականին, արտաքինին կպնող շատ տգեղ  բնութագրումներ, ես մտածում եմ` իսկ գուցե Շուշանի համար դա սեփական աչքում յուրօրինակ արդարացո՞ւմ ա, շատ տարօրինակ ու մազոխիստական արդարացում, իհարկե, բայց միակը երեւի, քանի որ ինքն էլ հոգու խորքում գիտի, որ ուրիշ արդարացում չկա:

«Հոգու խորքին» գիտական տերմինով ասում են` ենթագիտակցություն: Ես հնարավոր եմ համարում, որ Շուշանը, եթե ոչ գիտակցական, առնվազն՝ ենթագիտակցական մակարդակում, նպատակային ա անհեթեթություններ խոսում եւ ինքն իրա դեմ կոպիտ հարձակումներ հրահրում: Նպատակը` անընդհատ ունենալ էդ արդարացումը` նայեք՝ ինչ կոպիտ են ինձ վիրավորում իշխանություններին պաշտպանելու համար, նայեք՝ ինչ չար են, ինչ վատն են իրանք: Եթե իրանք վատն են, ուրեմն ես լավն եմ, ուրեմն իմ ամուսինը լավն ա, ուրեմն իմ պաշտպանած իշխանությունները լավն են:

Տխուր վարկած ա: Բայց մենակ Շուշանին չի վերաբերում ու ահագին բան ա բացատրում, դրա համար էլ գրեցի մտածածիս մասին: Մեր իրականության մեջ, որտեղ իշխանություննները իրանց ռացիոնալ պաշտպանելու ոչ մի տեղ չեն թողել, էս կամ էն պատճառով իշխանության կողմում հայտնվածների համար մնում ա պաշտպանության էս ձեւը, որը ես կանվանեի Շուշանի համախտանիշ:

Հեղինակի մյուս նյութերը

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Հայաստանից հապշտապ մեկնել են Մոսկվա’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենն առաջարկում է հետաձգել սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի վճարումը ‘