‘iLur Բլոգ. Ջոյսյան աշխարհընկալման սկզբունքները’

5348

Լեզվաբանության ներկա փուլը ձեռք է բերել զարգացման նոր դինամիկա, որի ընդհանուր վեկտորը ուղղված է լեզվբանական ուսումնասիրությունների սահմաններն ընդլայնելուն։ Այսինքն՝ ժամանակակից գիտության ինտեգրման ակտիվ գործընթացները հանգեցնում են ճշգրիտ և հումանիտար գիտությունների միավորմանը, ոչ միայն նոր գիտական ուղղությունների, այլև նոր գիտակարգերի ստեղծմանը։ Լեզուն, ընդ որում, ուսումնասիրվում է մարդկային գործունեության հայեցակետից։ Դա նշանակում է, որ լեզվաբանության ուսումնասիրության ավանդական առարկաները դիտարկվում են մարդու համար դրանց նշանակության տեսակետից, և արդեն իսկ կարելի է խոսել անտրոպոցենտրիկ՝ մարդակենտրոն լեզվաբանության մասին` իբրև ինտեգրային գիտություն, որը ուսումնասիրում է «մարդուն՝ լեզվի մեջ»՝ իր բոլոր դրսևորումներով:

Տեքստի նկատմամբ մեծ հետաքրքրությունը այսօր բացատրվում է նույնպես անտրոպոցենտրիզմի գաղափարով, քանզի գեղարվեստական տեքստում մարդը ոչ միայն հասցեագրող, հասցեատեր է, այլ նաև «պատկերման առարկա»:

Ինչպես նշում են ոլորտի մի շարք անվանի գիտնականներ, գեղարվեստական տեքստի նկատմամբ հատուկ ուշադրությունը պայմանավորված է գիտական նոր ուղղության ստեղծմամբ, որը հայտնի է իբրև պատումի լեզվաբանություն: Հիշյալ ուղղության զարգացումը ներկայանում է շատ հեռանկարային, քանզի գեղարվեստական տեքստի ուսումնասիրությունը թույլ է տալիս կատարել ոչ միայն լեզվաբանական, այլև իմաստագործառական բնույթի վերլուծություն: Վերջինս նպաստում է գրականագիտության և լեզվաբանության զուգահեռ ընթացքին, որը խթանվում է ուսումնասիրության միակ առարկայով՝ տեքստով:

Կերպարի հոգևոր աշխարհի  պատկերման ժամանակ գործածվում է ներքին մենախոսությունը կամ, ինչպես ոլորտի հեղինակություններն են անվանում, «անիրական ուղղակի խոսքը», որը բնորոշվում է կերպարի և պատմողի խոսքի  փոխներթափանցմամբ։ Այդօրինակ ներտեքստային հաղորդակցությունը ներկայանում է որպես գրական երկերի անտրոպոցենտրիկ էությունն արտացոլող բարդ երկխոսություն՝ գիտակցության միաձուլում այլ ձայների` պատմողի և այլ հերոսների հետ: Այլ կերպ ասած՝ ներքին մենախոսությունը կարելի է դիտարկել որպես երկխոսություն հեղինակի և ընթերցողի միջև: Այս պարագայում ընթերցողը ոչ թե սպառող է, այլ՝ լիիրավ համահեղինակ, քանզի ընթերցողը և հեղինակը գտնվում են ճանաչողական  միևույն դաշտում:

Այս առումով հարկ եմ համարում անդրադարձ կատարել համաշխարհային մշակութային գիտակցության վրա մեծ ազդեցություն թողած իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի՝ թերևս ամենահայտնի և, միևնույն ժամանակ, վիճահարույց գրական գործին՝ «Ուլիսեսին», որտեղ ընդգրկված է գրեթե եվրոպական ամբողջ մշակույթը:

Ջ. Ջոյսի գրական արվեստի մեկնաբանները, մասնավորապես՝ Ս. Խոռուժին,  ուշագրավ է համարում այն փաստը, որ «Ուլիսեսում» տեղ գտած բարդ կառույցներն արտացոլում են հաճախադեպ միահյուսումներ՝ կերպարի գիտակցության հոսքի միաձուլումը այլ ձայների՝ պատմողի և այլ կերպարների հետ:  Ահա և այստեղից է ծագել  բազմաձայնություն՝ պոլիֆոնիա եզրը:

Ջ. Ջոյսը ներխուժեց համաշխարհային գրականություն` որպես գիտակցության հոսքի հիմնադիրներից մեկը։ «Գիտակցության հոսք» հասկացությունը պատկանում է ամերիկացի փիլիսոփա Ուլիյամ Ջեյմսին։ Նա նույնականացնում էր գիտակցության հոսքը ջրի հոսքի հետ, որտեղ նախադասությունները մտքերի պես  կարող են մնալ անավարտ, ընդմիջվել և այնուհետև կրկնվել։ Գիտակցության հոսքը կամ էլ պարզ մարդկային լեզվով ասած՝ ներքին մենախոսությունը, շատ լեզվաբանների կողմից դիտարկվում է իբրև ոճական հնարք, որի միջոցով Ջոյսը փորձել է նկարագրել երկի հերոսների հոգևոր փիլիսոփայությունը, մտքի զարգացման ուղիները, աշխարհընկալման հմտությունները:

«Ուլիսեսում» հեղինակը կիրառում է տարբեր դարաշրջանների գրական ոճեր և ժանրեր, մի շարք հեղինակների ոճային առանձնահատություններ, որոնց նա, ամենայն հավականությամբ, կամ նմանակում է, կամ էլ հեգնում: Օրինակ՝ գրքի «Լոտոփագոսներ» դրվագում նկատելի է ավանդական շարահյուսության կանոնների շեղում: Դարձվածային ընդհատ արտահայտությունները  դիտարկվում են որպես յուրահատուկ ոճական հնարք, իսկ Ջոյսն անվանել է այդ հնարքը «միմիկական»: Ահա այդպես՝ հեղինակի գրիչը արտացոլում  կամ «նմանակում» է երկերում ներկայացվող իրակությունը՝ իր տեքստը համապատասխանեցնելով դրվագում տիրող տապի, ծուլության, դատարկապորտության մթնոլորտին` օգտագործելով թերի դարձվածային արտահայտություններ: Այդօրինակ հնչյունական ռեդուկցիան տեղի է ունենում դարձվածի իմաստային բաղադրիչի կամ բառույթի զեղչման հաշվին, ինչպես՝  tight trou (tight trousers), brilliant ide (idea) situa (situation):

Ջ. Ջոյսը, փաստորեն, խոսքային ակտի մոնտաժում է կատարում՝ վիրտուոզ կերպով տիրապետելով արտաքին աշխարհից՝ ներքին և հակառակը տեղափոխվելու արվեստին: Այստեղից կարելի է գալ այն եզրահանգման, որ  Ջ. Ջոյսի մոդեռնիստական արվեստը ոչ այլ ինչ է, քան բազմաշերտ աշխարհի վերարտադրություն՝ պարզ մարդկային գիտակցության պրիզմայից:

Զառա Միսակյան

Նախորդ հոդվածը‘Իրանի խորհրդարանում սկսվել են նախարարների թեկնածությունների քննարկումները’
Հաջորդ հոդվածը‘Վահրամ քահանա Մելիքյան. Մայր Աթոռը Երուսաղեմի պատրիարքի կողմից նամակ չի ստացել’